Սա լավ դադար էր ինձ համար. Եվա Բաղդասարյանը մեկնաբանում է հեռուստասերիալներում չնկարահանվելու պատճառները

20:29   12 հունվարի, 2016

Գեղեցկուհի Եվա Բաղդասարյանին հեռուստադիտողը  ծանոթ է «Հրեշտակների դպրոցը» եւ «Եռաչափ սեր» հեռուստասերիալներից: Այժմ Եվան փայլում է գովազդային հոլովակներում, սակայն դերասանուհին տեւական ժամանակ է, ինչ չի երեւում հեռուստասերիալներում եւ ֆիլմերում: Ինչո՞վ է պայմանավորված նրա լռությունը: NEWS.am STYLE-ը փորձեց պարզել` զրուցելով Եվայի հետ.

-Եվա քեզ, կարծես թե,  սկսեցին ճանաչել «Եռարափ սեր» հեռուստասերիալից: Ի՞նչ քեզ տվեց այդ սերիալում նկարահանվելը:

-Մինչ «Եռաչափ սերը» նկարահանվում էի նաեւ «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալում: Կարծում եմ` ինձ այդ ֆիլմից սկսեցին ճանաչել: Դրանից հետո ստացա առաջարկ նկարահանվելու «Եռաչափ սեր» սերիալում: Նկարահանվելով ստացա փորձ, սեր դեպի այդ մասնագիտությունը եւ հասկացա, որ պետք է ավելի լուրջ զբաղվեմ իմ սիրած մասնագիտությամբ:

-Բավականին երկար ժամանակ է` չես երեւում հեռուստասերիալներում: Ինչո՞վ է պայմանավորված այժմյան լռությունդ:

-Արդեն 2 տարի է, ինչ սովորում եմ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի` Վարդան Աճեմյանի ստուդիայում: Ամբողջովին ժամանակս նվիրել եմ ուսմանս: Առավոտից մինչ ուշ երեկո զբաղված ենք ներկայացումների փորձերով, այդ պատճառով էլ չեմ կարողանում ժամանակ տրամադրել նկարահանումներին: Սակայն վերջերս նկարահանվել եմ գովազդային հոլովակում, որն արդեն եթերում է:

-Ո՞ր ներկայացումների փորձերով ես ներկայումս զբաղված:

-Այժմ Արմեն Էլբակյանը բեմադրում է «Պեպո» ներկայացումը, որտեղ խաղում է Սունդուկյանի անվան թատրոնի պրոֆեսիոնալ դերասանական կազմը: Ես մարմնավորելու եմ Կեկելին: Սա ինձ համար շատ պատասխանատու դեր է: Թատրոնում խաղալու այլ առաջարկներ էլ ունեմ, բայց դրանց մասին չեմ ցանկանում ժամանակից շուտ բարձրաձայնել:)

-Նախկինում հանդես էիր գալիս նաեւ որպես մոդել: Այժմ մոդելային գործունեություն ծավալո՞ւմ ես:

-Այո, մասնակցում էի տարբեր մրցույթների, անգամ աշխարհահռչակ Elite Model Look-ին եմ մասնակցել, սակայն հիմա այդ ուղին շարունակելու ցանկություն չունեմ…

-Հնարավո՞ր է` այս տարի հանդես գաս որեւէ հեռուստանախագծում:

-Այս տարվա վերջում կավարտեմ ուսումս: Եթե ստանամ լավ առաջարկ, ինչո՞ւ ոչ, հանդես կգամ նոր նախագծում: Սա լավ դադար էր ինձ համար, որպեսզի մասնագիտությանս մեջ հմտանամ: Եվ երբ նայում եմ ինձ երկու տարի առաջվա ֆիլմում եւ հիմա, մեծ տարբերություն եմ զգում, քանի որ ինձ հետ աշխատել են լավագույն մասնագետները: Աշխատել ենք թե ձայնիս, թե խոսքիս, թե խաղիս վրա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Եվա Բաղդասարյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE