Տղաս շատ ժպտերես եւ խելոք երեխա է. Սոնա Շահգելդյան

11:22   15 հունվարի, 2016

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Ամանորի նախաշեմին բարի արագիլն այցելել էր Սոնա Շահգելդյանին: Երգչուհին լույս աշխարհ է բերել որդուն` Արթուրին: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սոնան անկեղծ կիսվել է մայրության զգացումով եւ առաջիկա նորություններով.

«Երբ առաջին անգամ փոքրիկիս գրկեցի, իրոք, անբացատրելի զգացողություններ ունեցա: Շատ բաներ են, իհարկե, փոխվել իմ կյանքում: Մայր լինելը մեծագույն պատասխանատվություն է»,-ասում է ոգեւորված երգչուհին, որի փոխանցմամբ փոքրիկը բավականին ժպտերես եւ խելոք երեխա է:

Սոնան դեմ չէ, որ իր տղան էլ ապագայում իր ուղիով գնա, սակայն միայն այն դեպքում, եթե Արթուրն ունենա բնատուր տաղանդ.

«Առաջնային երազում եմ, որ տղաս լավ մարդ դառնա եւ լինի հաջողակ: Սա շատ բարդ ուղի է: Եթե նա տաղանդավոր լինի, սիրվի, ուրեմն թող շարունակի այս ուղին, իսկ ընդհանրապես կցանկանամ, որ նա իրեն փորձի այն ոլորտում, որտեղ ավելի հարմար կզգա»,-ասում է Սոնան:

Ինչ վերաբերում է երգչուհու երաժշտական գործունեությանը` նա չի դադարելու իր հանդիսատեսին ներկայանալ ստեղծագործական նորություններով.

«Ես կարողանում եմ ամեն ինչ համատեղել եւ հասցնել: 2016-ին էլ շարունակելու եմ հանդես գալ նոր երգերով եւ տեսահոլովակներով: Հնարավոր է` նաեւ Երեւանում ունենամ մենահամերգ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Սոնա Շահգելդյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE