12:32 18 հունվարի, 2016Ուիլ Սմիթի կինը՝ Ջադա Փինքեթը, կոչ է անում բոյկոտել «Օսկարը», գրում է Mirror-ը:
Ջադա Փինքեթ Սմիթը հիասթափված է այն փաստով, որ աշխարհի հեղինակավոր կինոմրցանակաբաշխությանն այս անգամ ոչ մի սեւամորթ դերասանի թեկնածություն առաջադրված չէ: Այս թեմայի շուրջ իր տեսակետը Ջադան արտահայտել է՝ Facebook սոցցանցի էջում թողած հաղորդագրությամբ:

«Օսկար» մրցանակաբաշխությունում միշտ ուրախ են տեսնել սեւամորթ մարդկանց, որոնք մրցանակներ են բաժանում ու զվարճացնում հանրությանը, բայց մեր գեղարվեստական ձեռքբերումները հազվադեպ են ճանաչում: Գուցե՞ արժե, որ բոլոր սեւամորթները խուսափեն «Օսկարն» այցելելուց: Մարդիկ մեզ այնպես են վերաբերվում, ինչպես մենք ենք նրանց թույլ տալիս»,- գրել է հանրահայտ դերասանի կինը:
Իրոք, այն փաստը, որ այս տարի «Օսկարի» թեկնածուներից ոչ մեկը աֆրոամերիկացի չէ, շատերին է տարակուսանքի մեջ գցել: Twitter -ում նույնիսկ հեշթեգ է հայտնվել՝ #OscarsSoWhite: