Հայտնի կինոռեժիսորը հրաժարվում է ներկայանալ «Օսկարին»՝ սեւամորթ թեկնածուների բացակայության պատճառով

12:02   19 հունվարի, 2016

Երեկ Ուիլ Սմիթի կինը՝ Ջադա Փինքեթ Սմիթը, կոչ էր արել բոյկոտել «Օսկարը»: Ջադա Սմիթին հիասթափեցրել է այն փաստը, որ կինոյի աշխարհի հեղինակավոր մրցանակաբաշխությունում այս անգամ ոչ մի սեւամորթ դերասան առաջադրված չէ: Նրա բոյկոտին որոշել է միանալ հայտնի կինոռեժիսոր Սփայք Լին: Ինչպես գրում է THR-ը, 58-ամյա ռեժիսորը հրաժարվում է ներկայանալ «Օսկար» մրցանակաբաշխության գալիք արարողությանը, քանի որ դրա թեկնածուներից ոչ մեկը սեւամորթ չէ: 

Իր Instagram-ում ռեժիսորը նշել է, որ շատ հարգում է մարդկանց, որոնք առնչություն ունեն այս արարողության հետ, բայցեւայնպես միջոցառմանը չի ներկայանա:

«Չեմ ուզում անհարգալից թվալ իմ ընկերների՝ հաղորդավար Քրիս Ռոքի, պրոդյուսեր Ռեջի Հադլինի, կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքի ու Ակադեմիայի անդամների նկատմամբ: Բայց ինչպե՞ս է հնարավոր, որ երկու տարի շարունակ դերասանական անվանակարգերում միայն սպիտակ դերասաններ լինեն: Ես նույնիսկ հաշվի չեմ առնում մյուս մրցանակաբաշխությունները: 20 տարում 40 սպիտակամորթ դերասան եւ ոչ մի սեւամորթ:

Ի՞նչ է, մենք չե՞նք կարողանում դեր կատարել: Սա ի՞նչ բան է, գրողը տանի»:

Անցած տարի Սփայք Լին արդեն անդրադարձել էր այս թեմային «Օսկարի» արարողության ժամանակ: Այն ժամանակ ռեժիսորն ասել էր.

«Ամերիկայում սեւամորթ մարդու համար ավելի հեշտ է նախագահ դառնալը, քան կինոստուդիայի ղեկավար»:



© NEWS.am STYLE