Մարք Ռուֆալոն ու Ուիլ Սմիթը միացել են «Օսկար-2016»-ի բոյկոտին

11:33   22 հունվարի, 2016

«Օսկարի» շուրջ սկանդալը ուժգնանում է: Ինչպես գիտեք, Ուիլ Սմիթի կինը՝ Ջադան ու ռեժիսոր Սփայք Լին բոյկոտի կոչ էին արել, քանի որ այս տարվա անվանակարգերում ոչ մի աֆրոամերիկացի դերասան ներկայացված չէ:

Ջորջ Քլունին ու Լյուպիտա Նիոնգոն էլ իրենց հերթին են հայտնել, որ պատրաստ են բոյկոտել այդ հեղինակավոր մրցանակաբաշխությունը: Իսկ 50 Cent-ը հաղորդավար Քրիս Ռոքին է կոչ արել հրաժարվել մրցանակաբաշխության արարողությունը վարելուց: 

Հիմա էլ մարտի դաշտ է դուրս եկել Ուիլ Սմիթը, որը կմիանա իր կնոջը «Օսկար -2016»-ի բոյկոտում:

«Ոչ, իմ կինն այնտեղ չի գնալու: Եվ ես ինձ անհարմար կզգամ, եթե հայտնվեմ այնտեղ Շարլիզ Թերոնի հետ: Մենք քննարկել ենք դա: Մենք այս համայնքի մի մասն ենք, ու մեր կողմից սխալ կլիներ գնալ այնտեղ ու ձեւացնել, որ ամեն ինչ նորմալ է»,- մեջբերում է Ուիլ Սմիթի բառերը NY Daily News-ը:

Հնարավոր է, որ արարողությունը կարհամարհի նաեւ «երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում «Օսկարի» համար առաջադրված Մարք Ռուֆալոն («Ուշադրության կենտրոնում» ֆիլմից):

48-ամյա դերասանը հարցազրույց է տվել BBC հեռուստաալիքին, որտեղ անդրադարձել է «Օսկարին» վերաբերող սկանդալին ու առհասարակ ռասիզմին:

«Խնդիրը միայն «Օսկարի» արարողությունը չէ: Ամբողջ ամերիկյան համակարգը լցված է սեւամորթների նկատմամբ ռասայական խտրականությամբ, ինչը հատկապես ցայտուն է արդարադատության համակարգում:

Ես առավոտյան արթնացա ու մտածում էի՝ ինչպե՞ս ճիշտ վարվել է այս իրավիճակում: Չէ՞ որ ինչպես Մարթին Լյութեր Քինգն էր ասում, լավ մարդիկ, որոնք ոչինչ չեն ձեռնարկում, ավելի վատն են, քան նրանք, ովքեր միտումնավոր են սխալ գործում»:



© NEWS.am STYLE