Վարդի թերթիկները, լիմոնի եւ սոխի կեղեւներն ու լուցկու հատիկները` նկարիչ Էդգար Արտիսի աշխատանքներում

12:19   22 հունվարի, 2016

Ազգությամբ հայ նկարիչ Էդգար Արտիսն (Edgar Artis) հայերին հպարտանալու եւս մեկ առիթ ընձեռնեց: Տաղանդավոր նկարչի աշխատանքները մեծ աղմուկ եւ ոգեւորություն են բարձրացրել արտասահամանյան մամուլում: Էդգարը թղթի վրա մատիտով պատկերում է մոդելների, այնուհետեւ նրանց «հագցնում է» ամենատարբեր զգեստներով` պատրաստված սոխի, մանդարինի, լիմոնի կեղեւներով, նռան հատիկներով,  փայտիկներով եւ մի շարք այլ հնարքներով:

NEWS.am STYLE-ը զրուցեց երիտասարդ նկարչի հետ` պարզելու, թե որտեղից է ժառանգել իր տաղանդն ու ինչպես է արձագանքել իր անվան շուրջ տարածված այս ոգեւորությանը.

«Շատ փոքրուց եմ սկսել նկարել, թեեւ ծնողներիցս ոչ մեկ չի նկարում»,-ասում է Էդգարը, որը նկարչական կրթություն չի ստացել: Ամեն ինչ սովորել է ինքնուրույն.

«Ոգեշնչվել եմ Shamekh Bluw-ի աշխատանքներից: Կարծում եմ` նրա տաղանդը սահման չունի»:

Նկարիչը շատ անսովոր իրերից է ստեղծում արվեստի գործեր: Հետաքրքրվեցինք, թե դրացից հատկապես որն է հավանում ինքը` հեղինակը.

«Կարծում եմ` իմ ամենաանսովոր աշխատանքը սոխի կեղեւներով հավաքված զգեստն է, թեեւ դեռ չեմ կարող ասել առջեւում ինչեր են սպասվում…»,-ասում է Էդգարը, որի համար միջազգային մամուլի այդչափ ուշադրությունը եւ ուրախալի էր, եւ  անսպասելի.

«Անկեղծ ասած` չէի սպասում նման լայն տարածման: Ինձ համար դա շատ անսպասելի էր, բայց միեւնույն ժամանակ` շատ հաճելի»,-ասում է նկարինչը, որը համոզված ենք` դեռ շատ է զարմացնելու եւ Հայաստանին, եւ աշխարհին; Իսկ առայժմ առաջարկում ենք դիտել Էդգարի գեղեցիկ աշխատանքներից մի քանիսը.

 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Էդգարի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE