Մալյանի թատրոն. «Տոհմի ֆիզիոլոգիա»

18:42   19 հոկտեմբերի, 2012

Հենրիկ Մալյանի անվան թատրոնում միշտ տոնական տրամադրություն է: Ու եթե թատերախումբը փոքրիկ դահլիճից փորձում է հաղորդել իր ժողովրդի պատմությունը կամ զրուցել այժմեական խնդիրների մասին, ապա դա կատարվում է շատ նրբագեղ ու էլեգանտ: Ընդհանրապես, այս թատրոնի դերասանների խաղը ինքնատիպ է, անմիջական ու շատ բնական: Այցելելով թատրոն` հանդիսատեսը միշտ ինչ-որ հրաշք է ակնկալում: Եվ դա տեղի է ունենում, երբ բացվում են վարագույրները: Թատրոնը երբեք չի հիասթափեցնում հանդիսատեսին, իսկ հրաշքն ապահովված է յուրաքանրյուր ներկայացման ժամանակ:

«Տոհմի ֆիզիոլոգիա» ներկայացումը նվիրված է Հենրիկ Մալյանի վաղեմի ընկեր Աղասի Այվազյանին: Նրանց ընկերությունը սկսվել է վաղուց, դեռ Թիֆլիսում: «Ինչո՞ւ իմ ընտրությունը կանգ առավ Այվազյանի վաղ ժամանակաշրջանի այս հինգ պատվածքների վրա: Գուցե այն պատճառով, որ այն անտեսանելի թելերով կապված էր հայրիկին»,- ասում է կինոռեժիսորի դուստրը` Նարինե Մալյանը, ով թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: «Երբ կարդացի պատմվածքները, հիշեցի մանկությունս, երբ հայրիկն ու Այվազյանը ինձ դպրոցից տուն էին ուղեկցում ու անընդհատ խոսում: Ես շատ բան չէի հասկանում Աստծո, մշակույթի մասին ու նրանց խոսքերից, բայց փոխարենը փոխանցվում էր նրանց էներգետիկան` պայծառ ու լավատեսական: Ինչո՞ւ եմ ընտրել հենց այս պատմվածքները: Գուցե այն պատճառով, որ ցանկանում եմ վերականգնել հիշողություններս այն ժամանակների ու մարդկանց մասին, որոնք անհետացող արժեքների կրողն են»: Երբ Նարինեն Այվազյանին պատմեց իր մտահղացման մասին, վերջինս զարմացավ: Նա չէր պատկերացնում, որ այդ պատմվածքները հնարավոր է միավորել ու ստանալ ամբողջական, ավարտված ներկայացում: Բայց երբ դիտեց ներկայացումը, ապա իսկապես ցնցվեց:

Իրականում «Տոհմի ֆիզիոլոգիան»` սիրո խոստովանություն է Հենրիկ Մալյանին, Աղասի Այվազյանին, բոլորին, ովքեր իրենց հետքն են թողել մեր մշակույթում, բոլոր նրանց, ովքեր ապրել են 1915-ի սարսափը, չեն կոտրվել ու կորցրել մարդկային արժանիքները, նրանց, որոնց աչքերում իրենց պապերից ժառանգած հայացքն է, նրանց, ովքեր մարդկային դժվարին փոխհարաբերություններում ընտրում են սերը, հարգանքն ու հավատարմությունը ու գիտեն դրանց արժեքը:

Ներկայացումը հիշեցնում է Մալյանի «Եռանկյունի» ֆիլմը: Այստեղ նույնպես կա տղա, ով պատմում է իր ժողովրդի պատմությունը, յուրահատուկ կերպարներ` մեծ երեխաների ու նույնիսկ դարբիններ կան...

Ներկայացման ընթացքում զգացվում է նուրբ ծաղրանք ու ընդվզում նույնիսկ ամենաողբերգական թեմաների արծարծման ընթացքում: Հերոսները ծիծաղում են, բայց հրաժեշտ չեն տալին անցյալին, այն ապրում է նրանց յուրաքանչյուր քայլում, խոսքում ու հոգում:Այն նրանց հետեւում է ինչպես ստվեր: Թերեւս, ամբողջ ներկայացումը ծավալվում է լույսի ու ստվերի սահմանագծին ու այդ հանգամանքն է ստեղծում այն հիանալի մթնոլորտը, որ կարող է լինել միայն այս թատրոնում, այս բեմում:

Նարինե Մալյանի բեմադրման մեջ ամեն ինչ շատ հասարակ ու հասկանալի է` ինչպես Հենրիկ Մալյանի ֆիլմերում: Իսկապես, ինչո՞ւ բարդացնել, երբ կարելի ընդամենը խոստովանել սիրո ու երախտագիտության խոսքեր, տեսնել գեղեցկությունը, ծիծաղել ու արտասվել: Ներկայացման հերոսները հավատում են, որ անելանելի իրավիճակներ գոյություն չունեն ու անտեսելով կյանքի դժվարությունները` ձգտում են ուրախանալ ու ծիծաղել: Կարեւորը, որ բոլորը ողջ ու առողջ են, իսկ կյանքը շարունակվում է: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է հաղթահարել վիշտը, երբ ընտանիքի 27 անդամներից ցեղասպանությունից հետո ողջ են մնացել երկուսը: Փոխարենը, Ամանորին հյուր են գալիս երկու հարեւաններն ու սեղանի մոտ ավելի շատ մարդ է լինում, քան նախորդ տարի ու որպեսզի կյանքը չթվա մոխրագույն, սկսում են Կիրակոսի մասին խոսել: Ժամանակին ապրում էր առաջին մարդը` Կիրակոսը: Ժամանակի ընթացքում մարդկանց թիվն աճեց, իսկ կիրակոսները քիչ մնացին: Բայց կարեւորը շատն ու քիչը չէ: Կարեւորն այն է, որ նա գոյություն ունի ու միավորում է բոլոր մարդկանց, նա մեր բոլորի մեջ է: Բարի գործ կատարելով` մենք դա կատարում ենք Կիրակոսի համար, իսկ դա նշանակում է՝ մեզ համար, մեկին ցավ պատճառելով` մենք վշտացնում ու սպանում ենք Կիրակոսին, փաստորեն նաեւ մեզ: Իսկ ի՞նչ անել: Ուղղակի անհրաժեշտ է ապրել բարիության կանոններով:

Երբ ես դիտում էի ներկայացումը, դահլիճում զբոսաշրջիկներ կային` Ռուսաստանից, Փրանսիայից, Իտալիայից: Զարմանալի էր , բայց նրանք բոլոր իրավիճակներին ու խոսքերին արձագանքում էին մեզ պես, ինչպես հայերը: Տպավորություն էր, որ նրանք հայերեն գիտեն: Պարզվեց` ոչ, չգիտեն: Կան զգացողություններ, զգացմունքներ, ապրումներ, որոնք բացատրելու ու թարգմանելու անհրաժեշտություն չունեն: Թատրոնում միշտ զգացվում է մալյանական ոգին` անկեղծ, իսկական ու պրոֆեսիոնալ:

Էլեոնորա Մալխասյան



© NEWS.am STYLE