Գարիկ Չեպչյան. «Ես իրականում պարզ եմ ու մի քիչ էլ մանկամիտ»

20:29   9 փետրվարի, 2013

Հանրահայտ հայ դերասան Գարիկ Չեպչյանը վերջին ժամանակներս հայ հանդիսատեսին ավելի ու ավելի բացասական կերպարներով է ներկայանում։ Եւ ստացվում է, որ նա իր շուրջ ամեն ինչի պատրաստ հայ խստաբարո տղամարդու կարծրատիպ է ստեղծել։ Այնուամենայնիվ, կյանքում Գարիկը միանգամայն այլ է։ Իսկ ինչպիսի՞ն՝ նա պատմեց NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում։ 

Ցավոք, հայ երիտասարդությունը ձեզ միայն սերիալի դերերից գիտի, քանի որ հազվադեպ է թատրոն գնում։ Դրանցում դուք միշտ բացասական կերպար եք ներկայացնում։ Այլ կերպ ներկայանալու ցանկություն չունե՞ք։

 Գիտեք, այնքան էլ համաձայն չեմ, որ այսօրվա երիտասարդությունը չի այցելում թատերական ներկայացումներ… Ճիշտ է, երիտասարդների շատ քիչ մասը, բայց, այնուամենայնիվ, այցելում է։ Կարող եմ հաստատապես ասել։ Մասնակցում եմ գրական երեկոներին… Բանաստեղծություններ եմ կարդում, եւ հուրախություն բոլորի, դահլիճի մեծ մասը երիտասարդներ են։ Արվեստ սիրող մարդն ամենուր է եւ սիրելի դերասաններին բեմում տեսնելու ցանկություն ունի։ Բնական է, հեռուստատեսությունն ավելի զանգվածային բնույթ ունի, եւ սերիալներ դիտում է հասարակության առավել մեծ մասը։ Ինչ վերաբերում է իմ սերիալային բացասական հերոսներին, ապա կասեմ, որ ինքս նման հերոսների հանդեպ հետաքրքրությունս կորցրել եմ։ Թեեւ, մյուս կողմից, դրանց մարմնավորելը շատ հետաքրքիր է։ Աշխատելու ու ստեղծագործելու շատ տեղ կա։ Պետք է հասկանալ նման մարդկանց հոգեբանությունը։ Ու, եթե հանդիսատեսը նկատել է, ինքս ամենեեւին էլ հաճույք չեմ ստացել նման հերոսների մարմնավորելիս, այլ ձգտել եմ իմ խաղով քննադատական մոտեցում ցուցաբերել նրանց։ Պարզապես դա էլ պետք է շատ զգույշ անել, որպեսզի կերպարը հակասական չստացվի։ 

Բնական է, որ դերասանի համար շատ հետաքրքիր է տարբեր դերեր խաղալը՝ ստեղծագործական պրոցեսը կնդանի պահելու եւ այլ դժվարություններ հաղթահարելու համար… Չէ՞ որ հենց դրանք հաղթահարելու մեջ էլ կայանում է դերասանի հաղթանակն ու նրա հոգեւոր բավարարվածությունը… Կարծում եմ ու հավատում, որ իմ հաջորդ դերը հենց այդպիսին կլինի։ 

Ի դեպ, չխաղացած դերերի մասին։ Ի՞նչ դեր դեռեւս չեք խաղացել։

 Այդպիսի դերերը շատ են… Շատ-շատ։ Եւ գնալով ավելի կշատանան, քանի որ դերասանը միշտ պետք է խաղա։ Իսկ երբ նա կասի, թե իրեն շատ քիչ է մնացել, դա նրա վերջը կլինի…

Ի՞նչ նախագծերում եք զբաղված։

 Չեմ սիրում ապագա ծրագրերի մասին խոսել։ Աստված տա՝ ամեն ինչ կլինի։ 

Առօրյայում խաղո՞ւմ եք։ 

Ոչ։ Չեմ սիրում եւ նույնիսկ կասեմ, որ ինձ տհաճ են արվեստի այն մարդիկ, ովքեր կյանքում խաղում են… Կարծում եմ, դա իսկական տղամարդուն վայել չէ։ Միշտ պնդել եմ, որ մեր մասնագիտությունը պետք է չխանգարի տղամարդ մնալուն։ 

Ինչպիսի՞ն է Գարիկ Չեպչյանը կյանքում։

 Շատ պարզ՝ շփման մեջ… Անկեղծ… Անմիջական ու մի քիչ էլ մանկամիտ։ Ես հավատում եմ մարդկանց, ավելի ճիշտ, փորձում եմ հավատալ։ 

Հագուստի ի՞նչ ոճ եք նախընտրում։

Դասական։ Երիտասարդ տարիներից այդպես եմ հագնվել։ Իհարկե, դա խանգարում է թատրոնում, փորձերի ժամանակ, բեմում։ Այնտեղ ավելի ազատ ոճ է հարկավոր, որպեսզի հագուստը չխանգարի շարժումներին, բայց… Իսկ բրենդների հետեւից չեմ ընկնում։ Հագնում եմ այն, ինչ ինձ սազում է։

Հայկական ավանդույթները պահո՞ւմ եք։

Հարգում եմ հայկական ավանդույթները, սակայն ինձ ավանդապաշտ չեմ համարում։ 

Մեր մտածելակերպի ո՞ր գիծն է ձեզ նյարդայնացնում։ 

Այն, որ բոլորը ձգտում են կառավարել… Որ բոլորը կարծում են, թե իրենք ամենախելոքն են… Որ իրենց առջեւ կանգնած մարդն իրենց պարտական է… Որ նրանք զիջել չգիտեն… Որ մեկ թիմի նման մտածելու ընդունակ չեն… Որ մեկը մյուսի հաջողությամբ չի ուրախանում, այլ, ընդհակառակը, նախանձում են միմյանց… Դա չարություն է ծնում… Որ… Որ… Որ… Ցավոք, դրանք շատ են…

Կա՞ երկիր, որտեղ կցանկանայիք լինել։ Եւ ինչո՞ւ հենց այդ երկիրը։ 

Միշտ երազել եմ լինել Ավստրալիայում եւ Բրազիլիայում։ Կառնավալն եմ ուզում տեսնել։
Զրուցեց Մարինա Ադուլյանը


© NEWS.am STYLE