Նամակ խմբագրությանը. Ամուսի՞ն, թե՞ սիրեկան

22:06   6 փետրվարի, 2016

Ես սիրեկան ունեմ: Ես հասկանում եմ, որ մեր հասարակությունում ինձ կարող են դրա համար հրապարակավ խաչել: Ժամանակին ես ինքս էի պատրաստ քար նետել ու դատապարտել կնոջը դավաճանության համար: Ես երբեք չէի կարծում, որ կարող եմ հայտնվել դավաճան կնոջ դերում: Սակայն կյանքը ցույց տվեց, որ ես սխալվում էի: Երբ ամուսնացա, վստահ էի, որ սիրում եմ նրան ու որ մինչեւ կյանքի վերջ կսիրեմ: Բայց ես միայն մեկ տարի առաջ հասկացա, թե ինչ է իսկական սերը, երբ հանդիպեցի նրան:

Ես ինքս էլ չեմ հասկանում, թե ինչպես դա կատարվեց եւ ինչու: Ամուսնուս հետ մենք լավ հարաբերություններ ունենք: Այո, լինում են վեճեր, վիրավորանքներ, բայց նման բաներ բոլոր ընտանիքներում էլ լինում են: Նա հրաշալի ամուսին է ու հայր, բայց 7 տարվա ամուսնական կյանքից հետո, այդ ճակատագրական հանդիպումից հետո, ես հասկացա, որ չեմ սիրում ամուսնուս: Միակ բանը, որը ինձ հետ է պահում նրանից բաժանվելուց, երեխան է: Բայց ես վստահ չեմ, որ այնքան ուժեղ եմ, որ կկարողանամ հանուն ընտանիքի զոհաբերել իմ սեփական երջանկությունը: Ես նկատել եմ, որ ամեն կերպ ամուսնուս վեճի եմ հրահրում: Ցանկացած առիթով: Ինձ հմար տհաճ է նրա ներկայությունը, չեմ կարողանում նրա հետ նույն անկողնում քնել՝ էլ չասած այլ բաների մասին:

Իմ բոլոր մտքերը, զգացմունքները ուղղված են մեկ այլ տղամարդու: Ինձ թվում է, որ եթե նա իմ կյանքում չլինի, ես կմահանամ: Նա պնդում է, որ ես հեռանամ ամուսնուցս: Բայց ես վախենում եմ՝ չնայած հասկանում եմ, որ առաջվա պես ապրել այլեւս չեմ կարող: Եթե ես մնամ ընտանիքում, ապա երբեք ինքս ինձ չեմ ների, որ վախեցել եմ ու երջանիկ լինելու համարձակություն չեմ ունեցել: Չէ ՞ որ մեկ անգամ ենք ապրում: Եվ միթե՞ երեխան երջանիկ կլինի այն ընտանիքում, որտեղ մայրը հորը չի սիրում: Հնարավոր է, ես ամուսնուս էլ եմ զրկում երջանկության հնարավորությունից: Գուցե նա դեռ կհանդիպի մեկին, ով իսկապես կսիրի նրան: Մյուս կողմից էլ ես չեմ ուզում ցավ պատճառել ամուսնուս ու դստերս: Այս բոլոր մտքերը, զգացմունքները ինձ խելագարության են հասցնում: Ես լրիվ մոլորվել եմ ու չգիտեմ, թե ինչ անեմ:

Գ. Ս



© NEWS.am STYLE