15:19 4 փետրվարի, 2016Այս տարի Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում Վրաստանը կներկայացնեն Նիկա Քոչարովն ու Young Georgian Lolitaz խումբը: Թե ինչ երգ են ներկայացնելու Վրաստանի պատվիրակները դեռ հայտնի չէ, քանի որ այժմ առաջարկված երգերից լավագույն երեքը դրվել են 12-օրյա քվեարկության, որի արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 15: Սակայն մինչ այդ մեր ուշադրությունը գրավեց ռոքնռոլ ժանրում ստեղծագործող խմբի թմբակարը՝ Դիմա Հովհաննեսյանը (չնայած Նիկա Քոչարովի ազգանունն էլ բավականին «հարազատ» է):

Խմբի անդամներ՝ Գիա Լաշվիլի, Նիք Դավիթաշվիլի, Նիկա Քոչարով եւ Դիմա Հովհաննեսյան
Խմբի մենակատար, կիթառահար Նիկան, որը ԽՍՀՄ հայտնի երաժիշտ, «Բլից» ռոք խմբի հիմնադիր Վալերի Քոչարովի որդին է, Դիմայի մասին հարցազրույցներից մեկում ասել է.
«Նա քաղաքի լավագույն թմբկահար է, պարզապես այնքան համեստ է, որ ոչ մեկը նրան չի ճանաչում՝ չնայած արդեն ինքն է երիտասարդներին դասեր տալիս»:
Նշենք, որ Young Georgian Lolitaz –ը միայն տղաներից կազմված առաջին խումբն է, որը կներկայացնի Վրաստանը Եվրատեսիլ մրցույթին: