Երգիչ Մասիս Առաքելյանը` Իրանում առաջին անգամ կայացած հայկական ժողորդական երգերի համերգային ծրագրի մասին

14:04   8 փետրվարի, 2016

Առաջին անգամ Թեհրանում իրանցի և իրանահայ հանդիսատեսին է ներկայացվել հայկական ժողորդական երգերի մեծ համերգային ծրագիր: Համերգը կայացել է հունվարի 26-ին եւ իրանահայերի կողմից բուռն արձագանքների է արժանացել:  Այս մասին այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց  իրանահայ երգիչ, կոմպոզիտոր Մասիս Առաքելյանը:

««Կռունկ» կոչվող այս ծրագրի շրջանակներում ներկայացրել եմ հիմնականում Կոմիտասի ստեղծագործությունները: Համերգի ընթացքում հնչել է նաեւ Սայաթ Նովա, սակայն մի փոքր ձեւափոխված տարբերակով` իմ դասական մշակումներով»,-ասում է երաժիշտը, որն ապրում եւ ստեղծագործում է Բեռլինում:

Հարցին, թե ինչու որոշեց անդրադառնալ հայկական երաժշտությանը եւ ինչ նպատակ ունի այս ծրագիրը, Մասիսը պատասխանեց.

«Տարբեր ժանրերի երաժշտությամբ եմ զբաղվել, սակայն մտածեցի, որ պետք է արմատներիս վերադառնամ: Ուզում եմ օտար ազգերին ցույց տալ մեր մշակույթը: Նպատակ ունեմ տարբեր ազգերի ներկայացուցիչներին համախմբել իմ երաժշտության միջոցով»,-ասում է Մասիսը, որը փետրվարի 5-ին  արդեն հասցրել է ներկայանալ հայ հանդիսատեսին եւ ուրախությամբ փաստում է, որ ի տարբերություն եվրոպացիների, հայ հանդիսատեսն ավեի երաժշտական է:

Մասիս Առաքելյանի Երեւանյան մյուս համերգը սպասվում է վաղը` փետրվարի 9-ին` ժամը 20:00-ին, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:

Ինչ վերաբերում է Մասիսին` նա ծնվել է Ջուղայում, սակայն երկար տարիներ է` բնակվում է Բեռլինում: «Կոմիտաս» ձայնասկավառակը երաժիշտը թողարկել է 2013 թ-ին: Իսկ վաղվա ծրագրում հանդիատեսին սպասվում են կատարումներ Կոմիտասից եւ դասական մշակումներ Սայաթ Նովայից:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE