Չէի կողմնորոշվում` ինչ բնավորություն ունի նա. Սեդա Գրիգորյանը` «Ուրիշի հոգին» սերիալում նկարահանվելու մասին

12:17   17 փետրվարի, 2016

Սեդա Գրիգորյանին հեռուստադիտողը ճանաչեց «Ուրիշի հոգին» հեռուստասերիալի շնորհիվ: Սերիալում 16-ամյա դերասանուհին մարմնավորում է Էմիլիին` աղջնակ, որը մի շարք դժվարությունների միջով է ստիպված լինում անցնել: Էմիլիի պայքարն ու հիասթափությունները ֆիլմում դեռեւս շարունակվում են, իսկ նրան մարմնավորող Սեդայի հետ զրուցեցինք իր կերպարին մարմնավորելու դժվարությունների եւ մի շարք այլ հարցերի շուրջ:

-Սեդա, ինչպե՞ս սկսեցիր նկարահանվել «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում:

-Ֆիլմի գլխավոր պրոդյուսեը նկատեց ինձ դրսում ու հրավիրեց քասթինգի: Այդպես, քասթինգն անցա ու սկսեցի նկարահանվել ֆիլմում:

-Փաստորեն, նկարահանման այլ փորձ չես ունեցել:

-Ոչ, նախկինում, ցավոք, ոչ մի տեղ չեմ նկարահանվել:

-Իսկ հիմա արդեն դերասանական կրթություն ստանո՞ւմ ես:

-Ոչ, դեռեւս սովորում եմ դպրոցում:

-Ո՞ր դասարանում ես սովորում: Արդեն մտածե՞լ ես, թե ինչ մասնագիտությամբ ես շարունակելու ուսումդ:

-11-րդ դասարանում եմ սովորում: Համոզված եմ, որ ուսումս կշարունակեմ հենց դերասանական ուղիրով:

-Ֆիլմում մարմնավորում ես Էմիլիին, որը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է մի շարք դժվարություններ ապրել. Հե՞շտ է նրան մարմնավորելը:

-Սկբում շատ դժվար էր: Չէի կողմնորոշվում` ինչ բնավորություն ունի նա, միայն հասկանում էի, որ շատ նուրբ ու բարի կերպար է: Այդ ամբողջ չարության մեջ Էմիլին մնում է բարի ու չի չարանում:

-Նրա ո՞ր գծերն ես, հատկապես, հավանում:

-Շատ եմ հավանում նրա նուրբ եւ էմոցիոնալ գծերը:

-Իսկ կա՞ մի գիծ, որը կփոխեիր նրա մեջ:

-Մեծ սիրով կփոխեի նրա միամտությունը…

-Արդեն հասցրե՞լ ես մտերմանալ հեռուստասերիալում նկարահանվող մյուս դերասանների հետ: Հատկապես, ո՞ւմ հետ ես մտերիմ:

-Բոլորի հետ էլ մտերիմ եմ: Բախտս, իրոք, բերել է: Շատ լավ անձնակազմի հետ եմ աշխատում:

-Սեդա, հայտնի է, որ ընտրյալ ունես: Հետաքրքիր է` նա ինչպե՞ս է վերաբերվում քո նկարահանումներին:

-Նկարահանվելս այդքան էլ նրա սրտով չի, բայց քանի որ ինձ շատ է սիրում, աշխատում է չնեղացնել ու ընդառաջում է ամեն հարցում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE