Գեղեցկությունն ուժ է, որը երբեմն խանգարում է. Սոնե Սիլվերի գրավիչ ֆոտոշարքն ու հարցազրույցը NEWS.am STYLE-ին

12:05   18 փետրվարի, 2016

Երգչուհի Սոնե Սիլվերը հայկական երգարվեստի ամենաոճային եւ գրավիչ ներկայացուցիչներից է. նա հիմնականում նախընտրում է դասական ոճը եւ գրեթե միշտ ներկայանում է սեւ հագուստով: NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում եւս երգչուհին նախընտրեց սեւը: Սոնե Սիլվերի ֆոտոշարքը բավական գրավիչ էր, իսկ հարցազրույցի թեման հենց գրավչությունն ու ոճն էին: 

-Սոնե, քեզ հիմնականում տեսնում ենք սեւ հագուստով: Ինչո՞վ է սեւ գույնն այդքան գրավում քեզ:

- Որքան էլ տարօրինակ հնչի, սեւն ինձ համար շատ հոգեհարազատ գույն է: Շատերը սեւի մեջ տեսնում են բացասական կամ, չգիտես` ինչու, տրամադրության հետ կապված երանգներ կամ ճնշող երեւույթներ: Ինձ համար սեւն ամենաէլեգանտ գույնն է, որն իմ կերպարին համահունչ է: Ես ինձ ներդաշնակ եմ զգում սեւի մեջ:

- Ի՞նչ ես կարծում` առհասարակ ո՞րն է կնոջ գրավչության բանաձեւը:

- Ըստ իս՝ բնական եւ անկեղծ էմոցիաներն են կնոջը գրավիչ դարձնում: Որքան կինն անկեղծ է իր ներսում, շատ ավելի արտահայտիչ են երեւում նրա շարժումներն ու հոգեվիճակը: Շատ ժամանակ կանայք փորձում են որոշ արհեստական հնարքների դիմել, ինչը միանգամից զգացվում է…Կինը պետք է լինի բնական:

Ես ինքս շատ փակ մարդ եմ, շատ քչերին եմ ինձ մոտ թողնում, բայց տվյալ պարագայում խոսքը պահվածքի անկեղծության մասին է: Կեղծ պահելաձեւը, միեւնույն է, նկատվում է: Այն, ինչ բնական է, ավելի գնահատելի է:

- Արտիստների դեպքում, կարծես թե, առավել կարեւոր է արտաքին տեսքը:

- Այո, իհարկե, արտիստների դեպքում գրավիչ լինելն ավելի կարեւոր է: Քո հագուստի ամեն մի դետալ քո մասին կարող է կարծիք ձեւավորել: Ես ինքս շատ ուշադիր հետեւում եմ ամեն մի մանրուքի: Ամեն ինչ պետք է ներդաշնակ լինի, քանի որ դու ներկայացնում ես ինքդ քեզ:

-Կերպարդ ստեղծելու հարցում ո՞վ է քեզ օգնում:

-Ինձ շատ է օգնում մայրս: Միասին ենք կերտում կերպարս: Երջանիկ եմ, որովհետեւ կես բառից հասկանում ենք իրար եւ ստանում ենք այն, ինչ պատկերացնում եմ:

-Իսկ կա՞ հայտնի մի կին, որը քեզ համար իդեալ է կամ միգուցե ոգեշնչում է այս կամ այն կերպարդ ստեղծելիս:

- Անկեղծ ասած`բոլոր կանանցից առանձնացնում եմ Մոնիկա Բելուչիին, քանի որ նա ինձ համար կանացիության խորհրդանիշ է: Նրա մեջ հենց տեսնում եմ այդ բնատուր անկեղծությունն ու կանացիությունը, որն էլ համարվում է նրա գրավչության գրավականը: Չեմ ոգեշնչվում ոչ ոքից, բայց Մոնիկային, միանշանակ, կառանձնացնեի բոլորից:

- Ասում են` գեղեցկությունը երբեմն խանգարում է: Համաձա՞յն ես այս մտքի հետ:

- Թող անհամեստ չթվան պատասխաններս, բայց շատ են լինում դեպքեր, երբ կանանց եւ աղջիկների հայացքներից զգում ես դա: Դա խանգարում է շփման մեջ: Ինձ համար կարեւորը մարդու հոգին է, բայց երբ զգում ես, որ շրջապատը քո մասին կարծիք է կազմում արտաքինից ելնելով, դա շատ տհաճ է… Որքան էլ, որ գեղեցկությունն ուժ է, երբեմն այն խանգարում է:

-Արտիստների, հատկապես արտաքին տվյալներով աչքի ընկնող հայտնի մարդկանց դեպքում շատ են նաեւ բամբասանքները: Կհիշե՞ս որն է եղել քո մասին լսած վերջին բամբասանքը:

-Իմ մասին շատ խոսակցություններ եմ լսում: Վերջերս մամուլում հայտնվեց իմ` առանց դիմահարդարման լուսանկարը: Ընկերներիցս շատերը տեսել էին այդ գրառումն ու ինձ տեղեկացրեցին, որ մեկնաբանություններում շատ կան կարծիքներ, թե իբր դեմքիս վրա բազում վիրահատություններ են արված, ինչն, իհարկե, չի համապատասխանում իրականությանը:

-Ունես ընտրյալ: Ինչպե՞ս է նա վերաբերվում քո հայտնի լինելուն:

-Բնականաբար անձնականում երբեմն առաջանում են որոշ հարցեր, բայց փառք Աստծո մեզ մոտ ամեն ինչ հարթ է այդ առումով:

-Միանշանակ, կարելի է ասել, որ քո արտաքին կերպարի եւ ոճի հարցում կողմնորոշված ես, իսկ ի՞նչ կասես երգացանկիդ մասին:

-Այս պահին ես հոգեպես պայքարի մեջ եմ: Ցավում եմ, որ իմ սիրած երաժշտությունը մեր քաղաքում շատ քչերն են լսում: Դա ինձ շատ է խանգարում, քանի որ երաժշտական ոճով, ասես, առանձնացած լինեմ հայկական երգարվեստից: Իրականում, դժվար է անել այն, ինչ սիրում ես եւ այն, ինչ ժողովուրդն է սիրում: Ես ցանկացա հավատարիմ մնալ իմ սիրելի երաժշտությանը, բայց զգում եմ, որ ժողովոււրդն այդքան էլ չի սիրում անգլալեզու երգեր` բլյուզ կամ սոուլ ոճերում:

- Լավ, խոսիր առաջիկա նորություններիդ մասին:

- Առաջիկայում սպասվում է տեսահոլովակ: Երեւի դա կլինի իմ ռուսալեզու ստեղծագործության հիման վրա: Սակայն դեռ պարզ չէ, թե երբ կսկսենք նկարահանումները, քանի որ տեսահոլովակն ավելի նպատակահարմար է նկարահանել տաք եղանակային պայմաններում: Նաեւ նոր երգերի վրա եմ աշխատում, որոնք եւս շուտով կներկայացնեմ ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE