«Եվրատեսիլ»-ի քվեարկության կանոնները փոխվել են

15:03   18 փետրվարի, 2016

Շատ շուտով Ստոկհոլմում կմեկնարկի տարվա գլխավոր երաժշտական իրադարձությունը՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթը, որում, ինչպես տեղեկանում ենք պաշոտանական կայքից, մեծ փոփոխություն է կատարել։

«Եվրատեսիլ»-ի՝ բոլորիս արդեն ծանոթ քվեարկության 12 բալանոց համակարգը ներդրվել է 1975-ին եւ արդեն 40 տարի է մրցույթը հենց այս քաղաքականությամբ է առաջնորդվել։ Եվ եթե նախկինում վերջնական միավորը կազմվում էր հեռուստադիտողի եւ ժյուրիի անդամների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ, ապա այս տարի դրանք կլինեն առանձին։

Ինչպես է քվեարկությունը կատարվելու

Երբ հեռուստադիտողների քվեարկությունը (հաղորդագրությունների կամ բջջային հավելվածների միջոցով) կավարտվի, 43 երկրի հանրային հեռուստաընկերությունների խոսնակները կհայտարարեն ժյուրիի անդամների քվեարկության արդյունքները. 1-8, 10,12 միավորները, ինչպես նախկինում, համապատասխանաբար կստանան 10 երկրի ներկայացուցիչ։ Այնուհետեւ բոլոր մասնակից երկրների հեռուստադիտողի քվեարկության արդյունքները կգումարվեն՝ ապահովելով որոշակի միավոր ամեն երգի համար։ Վերջնական արդյունքները կհայտարարի հաղորդավարը՝ սկսելով ամենաքիչ միավոր վաստակած երկրից։

Մրցույթի այս տարվա կազմակերպիչների կարծիքով՝ նոր փոփոխությունն ավելի հետաքրքիր եւ հուզական կդարձնի շոուն, քանի որ հաղթողի անունը պարզ կդառնա մրցույթի վերջում։

Ի դեպ, նրանք, ովքեր կցանկանան իմանալ, թե ինչպես է քվեարկել այս կամ այն երկիրը, ինչպես են բաշխվել ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքները, կարող են մրցույթից հետո այցելել Եվրատեսիլի պաշտոնական կայք եւ գտնել համապատասխան տեղեկությունը։

Նշենք, որ այս նույն համակարգը գործելու է նաեւ կիսաեզրափակիչների ժամանակ։ Ինչպես գիտեք, Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում, որը տեղի կունենա մայիսի 10-ին։

 



© NEWS.am STYLE