«Եվրատեսիլ-2016». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր «LoveWave» երգի անոնսը

21:19   19 փետրվարի, 2016

Հանրությանն այսօր ներկայացվեց «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի մրցութային երգի տեսահոլովակի անոնսը:

Երգը կոչվում է «LoveWave»: Այն ամբողջությամբ հիմնված է երգչուհու ներաշխարհի, խտացված ապրումների ու զգացմունքների վրա: Սիրո ալիքը մեկ վայրկյանում կարող է փոխել թե՛ մարդուն, թե՛ սեփական կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը` Love Wave-ը:

Երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Իվետա Մուկուչյան եւ Սթեֆանի Քրաթչֆիլդ: Մարտի 2-ին երգը հանդիսատեսին կներկայացվի համանուն տեսահոլովակով, որը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ գերմանական BLACKSHEEP Communications-ի համատեղ արտադրանք է:
Տեսահոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է, ով սոցցանցերում մեծ մասսայականություն է վայելում: Նա համագործակցել է աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ, եղել դրանց գովազդային դեմքը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ փուլում:



© NEWS.am STYLE