Վահան Խաչատրյանը, Արամ Նիկոլյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ այլք` «Տերյան» կենտրոնի նոր հավաքածուի ցուցադրությանը

10:05   20 փետրվարի, 2016

Երեկ` փետրվարի 19-ին, Մեգերյան կարպետում կայացավ «Տերյան» մշակութային  կենտրոնի՝ «Անցյալի ապագան» խորագիրը կրող հայկական գորգի զարդանախշերով հագուստի հավաքածուի առաջին ցուցադրությունը: Հագուստները ներկայացրեցին հայտնի մոդելներ Լիլիթ Մարտիրոսյանը, Աննա Դեմիրխանյանն ու այլք, իսկ հավաքածուի հեղինակը դիզայներ Լիլիթ Մելիքյանն է: Զգեստների մեջ նկատելի էին ազգային հագուստի էլեմենտները, սակայն ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Տերյան» մշակութային կենտրոնի PR մենեջեր Անի Մարգարյանը` ներկայացված հագուստ տարազ չէ.

«Այստեղ ոչ մի բան չեք տեսնի տարազից: Կտորները նորաձեւ են, գունային համադրությունները կտեսնեք նաեւ համաշխարհային դիզայներների մոտ: Նորարարություն է գորգի կիրառումը»:

Նախագծի հեղինակները փորձել են վերամատուցել հայկական գորգը  հագուստի տեսքով.

«Բոլոր ձեւվածքներն արդիական են: Համոզված կարող եմ ասել, որ սա նախադեպը չունեցող հավաքածու է, որովհետեւ մենք ուսումնասիրել ենք ամբողջ դաշտը: Հայկական գորգն այս մասշտաբով դեռեւս չի կիրառվել հագուստի մեջ»,-ասում է Անին:

Հարկ է նշել որ ցուցադրությանը ներկա էին մի շարք հայտնի հյուրեր` դիզայներներ Վահան Խաչատրյանը, Արամ Նիկոլյանը, նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Ցուցադրության մանրանասներն ու ետնաբեմը` NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE