Այսօր ծնվել է Էշլի Գրինը. Ինչպիսի՞ն է «Մթնշաղի» Էլիսն իրական կյանքում

12:08   21 փետրվարի, 2016

Այսօր ծննդյան 29-ամյակն է նշում «Մթնշաղ»/Twilight հայտնի ֆիլմում Էլիսին մարմնավորող դերասանուհի Էշլի Գրինը: Կարմրաչյա եւ սփրթնած դեմքով վամպիրուհու կերպարից բացի Էշլին մի շարք այլ հերոսուհիների էլ է մարմնավորել: Նա նկարահանվել է «Կցանկանայի այստեղ լինել», «Իմ ընկերուհին զոմբի է», «Կալիֆորնիայի արքան» եւ մի շարք այլ ֆիլմերում, սակայն դերասանուհուն մեծ ճանաչում բերեց հենց Էլիսի դերը:

Ինչպիսի՞ն է «էքստրասենս վամպիրն» իրական կյանքում: Ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ երիտասարդ դերասանուհու մասին.

Պարզվում է` Էշլիի մանկության երազանքը մոդել դառնալն էր: Սակայն հասունանալով աղջիկը հասկանում է, որ բավական բարձրահասակ չէ մոդելային կարիերա սկսելու համար եւ որոշում է զբաղվել դերասանությամբ:   

Սակայն երազանքները երբեմն կատարվում են. Էշլիին ասում են, որ թեեւ նա չի կարող դառնալ պոդիումի մոդել, փոխարենը, կարող է դառնալ ֆոտոմոդել եւ նկարահանվել գովազդային հոլովակներում:

Երբ նա սկսեց խաղալ հոլովակներում, հասկացավ, որ իրականում դերասանությունն ավելի մոտ է իրեն, քան մոդելինգը:

Դպրոցն ավարտելուց հետո Էշլին տեղափոխվում է Լաս Վեգաս` դերասանական դասընթացների հաճախելու համար:

Եւ ահա հայտնիությունը նրան ժպտաց, երբ 2008 թ-ին Էշլիին հրավիրեցին նկարահանվելու «Մթնշաղ» ֆիլմում:

Մինչ «Մթնշաղ»-ում նկարահանվելն Էշլին ընթերցել էր Twilight-ի բոլոր գրքերը եւ իրեն համարում էր վամպիրների մասին պատմող այդ վեպի իսկական երկրպագու: Նա խոստովանել է, որ սկզբում վախենում էր նկարահանվել ֆիլմում, քանի որ կարծում էր` երկրպագուները, միգուցե, իրեն այդքան չհավանեն, որքան որ հավանում են գրքի հերոսուհի Էլիսին:

Գրինը խոստովանել է, որ իրեն, հատկապես, ոգեշնչում է իր սիրելի դերասանուհի  Օդրի Հեփբերնի կերպարը:

Էշլին ունի տարօրինակ հոբբի: Նա սիրում է հավաքել պայուսակներ: Դերասանուհին հաճախ է գնում պայուսակներ այնպիսի բրենդներից, ինչպիսիք են` Gucci, Marc Jacobs եւ Burberry:

Շուտով «Մթնշաղի» աստղին հնարավորություն կունենանք տեսնելու նոր ֆիլմում, որը կոչվում է Urge/«Շտապողականություն»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE