Հակացելյուլիտային դիետա

20:17   1 մարտի, 2016

Ցելյուլիտի դեմ պայքարի մեթոդը, որը մշակվել է Նիկոլ Ռոնսարի կողմից եւ հաջողությամբ փորձարկվել հարյուր հազարավոր կանանց վրա, նախատեսում է տասնօրյա մաքրող սննդակարգ: 

Հակացելյուլիտային սննդի գլխավոր խնդիրը նյութափոխանակության բարելավումն է եւ օրգանիզմից վնասակար նյութերի դուրս հանումը: Անհրաժեշտ է օրական առնվազն երկու լիտր հեղուկ խմել, ներառյալ` կանաչ թեյ, թարմ քամված հյութեր, սովորական ջուր: Սուրճից եւ սեւ թեյից պետք է խուսափել: Բացի այդ, սննդակարգի հիմք պիտի դառնան բջջանյութով հարուստ բանջարեղենը եւ մրգերը, որոնք լրացվում են ձավարեղենով եւ չզտված ալյուրից հացով:

Սննդակարգի ընթացքում անհրաժեշտ է բացառել աղն ու շաքարը, ինչպես նաեւ ալկոհոլը:  Սննդի ընդունման դադարները պիտի 2-ից 4 ժամ տեւեն: Պետք է ուզածին չափ բանջարեղեն եւ մրգեր ուտել քաղց չզգալու համար: 

Կենտ օրերին թույլատրվում է միայն հում բանջարեղեն եւ մրգեր ուտել: Բանջարեղենային աղցանին կարելի է մի քանի թեյի գդալ ձիթապտղի յուղ եւ կիտրոնի հյութ ավելացնել: Թույլ է տրվում նուշ ավելացնել, արեւածաղիկ, քնջութ, սոյայի ծիլեր եւ այլն:  Մրգերից խորհուրդ է տրվում անանաս, գրեյֆրուտ, նարինջ, մանդարին, մանգո, կիվի, խաղող, խնձոր, տանձ, պապայա:  

Երկրորդ օրը միայն մրգեր ենք ուտում, բացառությամբ բանանի: 

Մնացած բոլոր զույգ օրերին բանջարեղենի մի մասը կարելի է եփել կամ շոգեխաշել: Թույլ է տրվում մի քիչ ձավարեղեն ավելացնել  (բրինձ, հնդկաձավար, վարսակ կամ ոսպ): Դրանք պիտի հավելում լինեն բանջարեղենի համար, ոչ թե հիմնական ուտեստ: Եթե  շատ եք ուզում, մի քիչ յուղազրկված յոգուրտ ավելացրեք: Կարեւոր է նախ ուտել հում բանջարեղենն ու մրգերը, իսկ հետո արդեն եփվածները: 

Սննդակարգի ընթացքում անհրաժեշտ է լարված վարժությունները փոխարինել ֆիզիկական չափավոր ծանրաբեռնվածությամբ, օրինակ` մեկ ժամ քայլելով: Ցելյուլիտից ազատվելուց բացի, այդ սննդակարգը թույլ կտա մի քանի կգ-ով նիհարել:  

Աղբյուրը` dieta.ru



© NEWS.am STYLE