Անի Պետրոսյան. «Ինձ քննադատողներին ցանկանում եմ անձնական երջանկություն մաղթել։ Որպեսզի սերիալ դիտելու ժամանակ չունենան»

22:05   12 փետրվարի, 2013

Վերջին ժամանակներս հայտնի հայ դերասանուհի Անի Պետրոսյանը հազվադեպ է հայտնվում պարբերականների էջերին։ Ըստ երեւույթին պատճառը նրա խիտ աշխատանքային ժամանակացույցն է։ Սակայն, NEWS.am STYLE –ի հարցերին պատասխանելու ժամանակ Անին, այնուամենայնիվ, գտավ։

Անի, ի՞նչ է Ձեզ համար սերիալը։ Ինչպե՞ս կնկարագրեք այն։

Սերիալը հեռուստադիտողի համար ժամանակ անցկանելու միջոց է։ Իսկ ինձ համար այն պարզապես աշխատանք է, որը ձգտում եմ կատարել պատասխանատվությամբ եւ բարեխղճորեն։ Սիրել եմ սերիալային իմ բոլոր հերոսներին, չնայած դրանք շատ տարբեր են եղել։

Ձեզ չի ջղայնացնո՞ւմ այն, որ շատերն ըստ արժանվույն չեն գնահատում Ձեր աշխատանքը, այլ ընդհակառակը, միայն սերիալներ ի բացասական կողմերն են տեսնում։

Սերիալներում երբեմն իսկապես վատ բան կա։ Պատճառը դերասանների ոչ պրոֆեսիոնալ լինելն է, ինչպես նաեւ վատ մշակված սցենարը։ Ինչ վերաբերում է սերիալներում իմ աշխատանքին, ապա մեկ անգամ եւս ցանկանում եմ կրկնել, ես բարեխիղճ եմ կատարում այն, պարզապես պետք չէ բոլորին մեկ արշինով չափել։ Պրոֆեսիոնալը մնում է պրոֆեսիոնալ։ Դա անզեն աչքով էլ է երեւում։ Ովքեր ցանկանում են վատը տեսնել, այդպես էլ կընդունեն սերիալը։ Պարադոքսն այն է, որ հենց նման մարդիկ են ամենաշատը սերիալներ դիտում։

Իսկ թատրո՞նը։ Ի։նչ նշանակություն ունի այն Ձեզ համար։

Այն իմ տունն է։ Իմ կյանքի մասն է։

Ձեզ ավելի մոտ է կինոն թե՞ թատրոնը։

Թատրոնը հիմքն է, կինոն՝ շարունակությունը։ Կցանկանայի աշխարհի բոլոր հետաքրքիր դերերը խաղալ։

Ձեր լսած վերջին բամբասանքները Ձեր մասին։

Այն, որ ես սիրելի տղամարդ ունեմ, ով արդեն մեկ տարի է ինձ թույլ չի տալիս սերիալներում նկարահանվել։

Ինչպիսի՞ն է Անի Պետրոսյանն առօրյայում։

Շատ զբաղած։ Ես անընդհատ աշխատում եմ։ Իսկ եթե ազատ ժամանակ է լինում, այն մայրիկիս ու ընկերներիս հետ եմ անցկացնում։

Ի՞նչ հագուստ եք սիում կրել։

Հարմարավետ։ Որի մեջ ես ինձ վստահ եմ զգում։ Բացի այդ, չեմ կենտրոնանում բենդային հագուստի վրա։ Սիրում եմ այն, ինչ սազում է ինձ։ Իսկ ինձ ամեն ինչ է սազում…

Ձեր կարծիքով, ի՞նչն է կնոջ արտաքինում ամենակարեւորը։

Խնամվածությունը։ Դա ամենակարեւորն է։

Ի՞նչ կփոխեիք հայ աղջիկների մեջ։

Նրանք շատ լավն են։ Միայն խորհուրդ կտայի նրանց իրենց ուսումով զբաղվել եւ աշխատել ինտելեկտի վրա մինչեւ 25 տարեկանը։ Հետո ժամանակ չի լինի, իսկ դա շատ կարեւոր է։

Ի՞նչ կասեք Ձեր հանդիսատեսին ու Ձեզ քննադատողներին։

Շատ եմ սիրում իմ հանդսատեսին։ Ցանկանում եմ նրան երջանիկ տեսնել։ Մեկ էլ. ցանկանում եմ իմ երկիրը վերածնված տեսնել, որ բոլորն ապրեն ու աշշխատեն անվտանգ երկրում։

Նույնը նաեւ ինձ քննադատողներին։ Յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի։ Պարզապես կցանկանայի, որ նրանք զարգացնեն իրենց բառապաշարն ու տակտի զգացումը։ Եվ, իհարկե՝ անձնական երջանկություն։ Որպեսզի սերիալներ դիտելու ժամանակ չունենան։

Զրուցեց Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE