10:35 3 մարտի, 2016Հումորային-ժամանցային հաղորդումների պակաս մեր հեռուստաեթերներում չի նկատվում: Շուտով «Շանթ» հեռուստատեսությամբ կհեռարձակվի «Կասկածելի երեկո» շոու-ծրագիրը: Նախագծի հեղինակներն են Գարիկ Պապոյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը, Վլադիմիր Սահակյանը: Վիտամին ակումբում երեկ՝ մարտի 2-ին, շոու-ծրագրի առաջին հաղորդումն է նկարահանվել:
«Տեւական ժամանակ է հեռուստաեթերում նոր ծրագիր չէինք ներկայացրել: Որոշեցինք մի այնպիսի բան անել, որ եւ հետաքրքիր, եւ ծիծաղելի լինի ու ամենակարեւորը չկրկնվի: Այս հաղորդմանը մենք մեր հյուրերին ներկայացնում ենք ուրիշ լույսի ներքո: Թե որքանով այն ստացված հաղորդում կլինի, մեծամասամբ մեր հյուրերից է կախված»,- ասաց Գարիկ Պապոյանը:
Գարիկը հավաստեց, որ նախագծում կմասնակցեն տարբեր ոլորտի մարդիկ՝ քաղաքական գործիչներ, բժիշկներ, շոու-բիզնեսի անդամներ եւ այլք: Նա չբացառեց, որ հաղորդմանը հնարավոր է մասնակցի նաեւ նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ այլ հայտի դեմքեր:
«Հաղորդումը բաղկացած է երեք փուլերից: Երեք տարբեր խաղեր, որոնք շատերին ծանոթ կթվան: Ինտելեկտուալ խաղեր չեն, պարզապես պետք է հակառակորդ թիմը հասկանա դու ստո՞ւմ ես, թե՝ ոչ: Եվ այս ամենը հումորային ձեւով է ներկայացվելու»,- ավելացրեց Գարիկը:
Ռոբերտ Մարտիրոսյանի խոսքով՝ ժամանցային շոու-ծրագիրը կհեռարձակվի շաբաթական մեկ անգամ: Նա նշեց, որ եթե շաբաթական մի քանի անգամ ցուցադրվի հնարավոր է վարկանիշի վրա ազի եւ իր հետաքրքրությունը կորցնի:
«Պետք չէ մարդկանց հոգնեցնել: Անգամ «Վիտամինը», որն ուներ բարձր վարկանիշ, մենք ցուցադրում էինք շաբաթական մեկ անգամ»,- ասաց նա:
Իսկ շոու-ծրագրի պրոդյուսեր Վլադիմիրը, «Կասկածելի երեկո»-ն համեմատելով «Վիտամին»-ի հետ, նշեց՝ եթե վերջինս կարող էին դիտել տարբեր տարիքի մարդիկ, ապա այս նոր ծրագրի թիրախային խումբը ավելի շատ երիտասարդներ կլինեն՝ իհարկե չբացառելով այլ թիրախային խմբերի:
«Դժվարանում եմ ասել՝ այս ծրագիրը ինչպես կնդունվի հեռուստադիտողի կողմից: Մենք պարզապես ամեն ինչ անում ենք որակով աշխատանք ներկայացնելու համար: Թե Հայաստանում, թե հետխորհրդային ժամանակներում, երբ ինչ-որ հաղորդում էր ստեղծվում, այն ունենում էր իր նախատիպը: Այս ծրագիրը նույնպես մի քանի հումորային ծրագրերի միքս է, որը մենք մատուցում ենք նորովի՝ չկրկնօրինակելով ու ավելացնելով նորամուծություններ»,-ասաց պրոդյուսերը:
Նշենք, որ NEWS.am STYLE-ի թղթակիցը ներկա է եղել նկարահանմանը՝ ֆիքսելով հետաքրքիր կադրեր, որոնք կհարպարակենք ավելի ուշ:
Նյութը եւ լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի