Րոպեներ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Սառույցի թագավորները» շոուն՝ Եվգենի Պլյուշչենկոյի, Իրինա Սլուցկայայի, Էդգար Հակոբյանի, Հայկոյի, Գեւ Մանուկյանի եւ մի շարք այլ հայտնի գեղասահորդների, երաժիշտների եւ պարողների մասնակցությամբ: Համերգի գլխավոր անակնկալներից էր նաեւ ռուս հայտնի երգիչ, «Եվրատեսիլ 2008»-ի հաղթող Դիմա Բիլանի ելույթը:
«Շատ շնորհակալ եմ ձեր սիրո եւ ջերմության համար: Հայաստանում հաճախ չեմ լինում, բայց ստացածս ջերմությունն, իսկապես, կբավարարի ինձ դեռ երկար ժամանակ»,-նշեց աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն:
Համերգին ներկա էր նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
«Հիանալի շոու է կազմակերպված, ուրախ եմ, որ այն տեղի է ունենում Հայաստանում: Զգում եմ հիանալի էներգետիկա, քանի որ հրաշալի հանդիսատես ու պրոֆեսիոնալ գեղասահորդներ են այստեղ հավաքված»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց ամերիկահայ պարող Գեւ Մանուկյանը, որը Հայաստանում գտնվում է երկրորդ անգամ:
Դիմա Բիլանը եւս հայտարարեց, որ շնորհակալ է դահլիճում տիրող ջերմության համար.
«Իրականում ոչ թե դուք եք եկել այս շոուն վայելելու, այլ մենք ենք եկել ձեր ներկայությունը վայելու»,-նշեց երգիչը, որը համերգի ընթացքում կատարեց իր արդեն իսկ սիրված երգերից մի քանիսը, այդ թվում՝ «Не Молчи», «Невозможное возможно», «Number Օne Fan», եւ «Believe» հիթերը: Վերջին երգը կատարելու ընթացքում Բիլանին միացան նաեւ Եվգենի Պլյուշչենկոն եւ հայտնի երաժիշտ, ջութակսահար Էդվին Մարդոնը:
Ոգեւորված երգիչը նկատեց. «Անհավանական է... «Եվրատեսիլից» հետո կրկնում ենք այս պատմական պահն ու ելույթ ունենում այս կազմով: Եվ դա անում ենք հենց այստեղ՝ Հայաստանում: Բիլանի նշած պատմական ելույթով էլ ավարտվեց սիրված աստղերի շոուն Հայաստանում:
Դիմա Բիլանի եւ Պլյուշչենկոյի աստղային ելույթներին կարող եք հետեւել NEWS.am STYLE-ի տեսանյութում եւ ֆոտոռեպորտաժում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի