Սիրուշոյից հետո Հայաստանից երկրորդ ամենահմայիչ երգչուհին Իվետա Մուկուչյանն է. գերմանական կայք

13:35   9 մարտի, 2016

«Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի մասին գրում են ոչ միայն հայկական, այլեւ գերմանական պարբերականները։ Օրեր առաջ Moderncultureoftomorrow.com կայքը անդրադարձել էր Իվետայի եվրատեսիլյան երգին՝ իր ընթերցողներին առաջարկելով շաբաթվա առաջին, ամենադժվար օրվա ծանր «լուծը» թոթափել «LoveWave» լսելով։ Իսկ հիմա ներկայացնում ենք blog.prinz.de-ի կարծիքը մեր պատվիրակի եւ նրա երգի մասին։

Կայքը նշել է, որ Իվետան ծնվել է Երեւանում 1986-ին, այնուհետեւ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ մասնակցել է «Ձայնը» նախագծին։ Իվետան տարբերվող ձայն ունի եւ նրա կատարումներից երեւում է, թե որքան կիրք կա իր երգերում։ Դրանից ելնելով էլ նրա ելույթներից սպասելիքները միշտ մեծ են։ Հեղինակի կարծիքով՝ Սիրուշոյից հետո Եվրատեսիլ մրցույթին Հայաստանից մասնակցած երկրորդ ամենահմայիչ երգչուհին Իվետան  է։

Ի դեպ, «LoveWave»-ի մասին խոսելիս նշվում է նաեւ, որ երգում լսվում են հայկական երաժշտության տարրեր։ Ստեղծագործությունը պարային չէ, բայց բավականին էներգետիկ է, իսկ տեսահոլովակը՝ տպավորիչ։

Ի դեպ, հոդվածի վերջում կայքը անցկացրել է փոքրիկ հարցում եւ փորձել հասկանալ, թե որքանով են հավանել կամ չհավանել ընթերցողները մեր այս տարվա երգը։ Քվեարկողների 26%-ի կարծիքով «LoveWave»-ը գերազանց է, 24%-ին երգը դուր է եկել, իսկ 10%-ի համար այն սարսափելի է։

 

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE