«Ռոսիա 1» հեռուստաալիքը բացատրել է, թե ինչու է Գարիկ Մարտիրոսյանը փոխարինել Մաքսիմ Գալկինին

11:36   10 մարտի, 2016

Հանրահայտ ռուս շոումեն Մաքսիմ Գալկինն այլեւս չի վարելու «Ռոսիա 1» հեռուստաալիքով ցուցադրվող «Պարեր աստղերի հետ» սիրված նախագիծը:

39-ամյա Մաքսիմը վեց տարի վարել է այդ նախագիծը, իսկ շոուի նոր եթերաշրջանում հաղորդավարին փոխել են. Մաքսիմ Գալկինի տեղը զբաղեցրել է Գարիկ Մարտիրոսյանը։

Ինչպես հայտնում է Sobesednik.ru-ն, հեռուստաալիքի մամուլի ծառայությունում այդ որոշումը բացատրել են նրանով, որ հանդիսատեսին բազմազանություն է պետք. «Հանդիսատեսը բազմազանություն է ուզում ու նոր դեմքեր»։

Նաեւ հարկ է նշել, որ լուրեր են պտտվում Մաքսիմի ու հեռուստաալիքի ղեկավարության միջեւ ինչ-որ ստեղծագործական տարաձայնությունների մասին: Հնարավոր է, որ դրանք կապ ունեն «Թագավորներն ամեն ինչ կարող են» ֆիլմի հետ: «Ռոսիա1» հեռուստաալիքի ֆինանսավորմամբ նկարահանված այդ ֆիլմում Գալկինն է գլխավոր դերը կատարում: Հենց այդ նկարահանումներից հետո էլ համագործակցությունը դադարեցվել է:

Մնում է հավելել, որ «Պարեր աստղերի հետ» նախագծի նոր եթերաշրջանում մասնակիցների հետաքրքիր կազմ է հավաքվել՝ Իրինա Բեզրուկովա, Դանիիլ Սպիվակովսկի, Տիմուր Բատրուտդինով ու նույնիսկ Պուգովկան՝ Կատյա Ստարշովան՝ СТС-ի «Папины дочки» սերիալից: 



© NEWS.am STYLE