Գալյանոն ներկայացրել է իր աշխատանքները Oscar de la Renta շոուի ժամանակ

12:29   15 փետրվարի, 2013

Հայտնի բրիտանացի դիզայներ Ջոն Գալյանոն իր աշխատանքի առաջին պտուղներն է ներկայացրել Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա շրջանակում Oscar de la Renta շոուի ժամանակ։ Գալյանոյի հայտնի ոճը շատ նկատելի է եղել։ Սակայն շոուի ավարտին կուտուրյեն այդպես էլ հարթակին չի երեւացել։
Հիշեցնենք, որ հակասեմիտական աղմուկից հետո, երբ մետրը փարիզյան սրճարաններից մեկում մի քանի անզգույշ արտահայտություն թույլ թվեց, նրան ազատեցին Dior-ից ու John Galliano-ից, դատեցին ու զրկեցին Պատվավոր լեգիոնի շքանշանից։ Սակայն խայտառակված դիզայներին օգնության ձեռք մեկնեց նրա գործընկեր Օսկալ դե լա Ռենտան։ Այժմ Գալյանոն նրան օգնում է պատրաստվել Նյու Յորքի գալիք Նորաձեւության շաբաթին։
«Ջոնի հետ միմյանց ճանաչում ենք արդեն երկար տարիներ, ես միշտ հիացել եմ նրա տաղանդով։ Նա երկար ու տքնաջան աշխատել է աղմուկից հետո վերականգնվելու համար, այնպես որ ուրախ եմ նրան իր ստեղծագործական միջավայր վերադառնալու հնարավորություն տալու համար», -այսպես է մեկնաբանել նորությունը Օսկար դե լա Ռենտան։
Իր հերթին Ջոն Գալյանոն մեկ անգամ եւս ներողություն է խնդրել մարդկանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ ու ավելացրել. «Շատ երախտապարտ եմ Օսկար դե լա Ռենտային այս հնարավորության համար»։



© NEWS.am STYLE