Մանկուց սիրել եմ տարբերվել. Մոդել Գոգ Մունի խորհրդավոր ֆոտոշարքը

20:33   15 մարտի, 2016

Նա իր կեղծանունը ստացել է դեռ մանկուց, երբ զբաղվում էր սպորտային պարերով: Հենց այնտեղ էլ նրան կնքեցին Գոգ Մուն: Մոդելը չցանկացավ նշել իր իրական ազգանունը, փոխարենը, մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես է սկսել կարիերան, ովքեր են նրան ոգեշնչել եւ ինչ կրթություն է ստանում ներկայումս:

Գոգ Մունի հետ նաեւ հետաքրքիր ֆոտոշարք իրականացրեցինք Կասկադում: Հարցազրույցն ու լուսանկարները սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

-Գոգ, ինչպե՞ս սպորտային պարերից անցում կատարեցիր նորաձեւության ոլորտ: Քեզ ինչ-որ մեկը ոգեշնչե՞լ է այդ հարցում:

-Ոչ, ավելի շատ ինձ երեւի առաջնորդել է սերը նորը ստեղծելու հանդեպ…Մանկուց սիրել եմ իմ հեղինակած հագուստները հագնել եւ տարբերվել դրանցով: Այնուհետեւ, սկսեցի ավելի պրոֆեսիոնալ մոտենալ նախասիրությանս եւ, ի վերջո, այն դարձավ ինձ համար մասնագիտություն: Ինձ համար ոճային առումով հոգեհարազատ են Chanel, Balmain, DKNY եւ այլն:

-Այժմ որտե՞ղ ես սովորում:

-Մասնագիտությամբ նկարիչ-մոդելավորող եմ: Ավարտել եմ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այժմ սովորում եմ Գեղարվեստի պետական ակադեմիայում` որպես հագուստի մոդելավորող:

-Տարբերվող կերպար ունես. Փաստորեն, ինքդ ես բոլոր կերպարներիդ հեղինակը:

-Այո, ինքս եմ թե ոճիս, թե հագուստներիս մեծ մասի հեղինակը:

-Իսկ այսօրվա կերպարիդ ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

-Կերպարս ես եմ մտածել: Քանի որ սեւն ինձ համար ամենաներկայանալի գույնն է, ընտրությունս կանգնեց հենց այս գույնի վրա: Առօրյայում էլ հաճախ ինձ կտեսնեք սեւի մեջ:

-Գոգ, ի՞նչ մասնագիտական երազանքներ ունես, որոնց ձգտում ես հասնել:

-Չէի ասի երազանք… Ինձ համար այն, ինչ կապված է մասնագիտությանս հետ, մտնում է նպատակներիս մեջ: Շատ վառ կերպով եմ պատկերացնում, թե ինչ կլինի հետո….:) Պատրաստվում եմ աստիճանաբար հասնել նպատակներիս:

-Իսկ կա՞ն համաշխարհային ճանաչում ունեցող մոդելներ, որոնց կուռք ես համարում կամ որոնք քեզ ոգեշնչում են:

-Հավանած մոդելներ շատ ունեմ` թե նոր, թե հին սերունդի մեջ…Սակայն ինձ համար տարիներ շարունակ անկրկնելի է մնում Նաոմի Քեմփբելը:

-Երբ քայլում ես փողոցով, շատերը զարմացած քեզ են նայում: Հե՞շտ է լինել տարբերվող աղջիկ Հայաստանում:

-Ինձ համար հեշտ է: Հիմնականում, փողոց դուրս գալուց ինձ հետ են լինում իմ անբաժանելի ականջակալները:) Բայց հակառակ դեպքում էլ ինչ-որ բաներ լսելուց փորձում եմ, ուղղակի, անտեսել:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE