Սրճարանի տերը սպառնացել է խայտառակել հաշիվը չվճարած զույգին

16:35   22 մարտի, 2016

Դուբլինում գիտեն, թե ինչպես կարելի է  պայքարել անբարեխիղճ հաճախորդների դեմ։

Իռլանդիայի մայրաքաղաքում գտնվող սրճարաններից մեկի սեփականատերը որոշել է պատժել այն զույգին, որոնք խորամանկորեն փորձել են խուսափել ընդամենը 31 եվրո 70 ցենտ կազմած հաշիվը վճարելուց։

Սեփականատեր Փոլ Սթենսոնը սրճարանի Facebook-յան էջում գրառում է կատարել եւ 2 ժամ ժամանակ տվել անհայտ զույգին՝ հաշիվն ինքնակամ վճարելու համար.

«Այսօր երկու հաճախորդներ առանց վճարելու հեռացել են սրճարանից։ Նրանք ունեն 120 րոպե, որ մեզ հետ կապ հաստատեն եւ բանկային քարտով փոխանցեն գումարը։ Եթե նշված ժամանակահատվածում գումարը չվճարվի, ես կհրապարակեմ տեսախցիկների նկարահանած տեսանյութից կադրեր եւ ձեզ կխայտառակեմ։

Շնորհակալություն համագործակցության համար»,- գրել է Փոլը։

Նշենք, որ այս հայտարարությունից հետո զույգը «գտնվել է» եւ վճարել այդ չարաբաստիկ 31 եվրոն։

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուր՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE