Կազմակերպիչները փորձում են փրկել Էրոս Ռամազոտտիի երեւանյան համերգը

14:14   29 մարտի, 2016

Երեկ հայտնի դարձավ, որ ճանաչված երգիչ էրոս Ռամազոտտին չեղյալ է հայտարարել իր համաշխարհային Perfetto համերգային շրջագայությունը Ռուսաստանում, Հայաստանում և Էստոնիայում։ Հայաստանում համերգը պետք է կայանար ապրիլի վերջին։

Չնայած լուրերին՝ երգչի պաշտոնական կայքում համերգների չեղարկման մասին դեռեւս ոչ մի պաշտոնական հայտարարություն չկա։

NEWS.am STYLE-ի թղթակիցը կապ էր հաստատել Showticket ընկերության (որը հանդիսանում է «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության հայաստանյան մասնաճյուղը) ներկայացուցչի հետ եւ պարզել, որ «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ի տնօրեն Զառա Մխեյանն այս պահին Մոսկվայում է, որտեղ բանակցություններ է վարում ռուսաստանյան «Глобальные коммуникации» (էրոս Ռամազատտիի համերգների կազմակերպիչը ԱՊՀ տարածքում) եւ Trident Musics պրոդյուսերական ընկերությունների հետ։ Համաձայն տեղեկության՝ ռուսական կողմը խախտել է որոշ պայմանավորվածություններ, այժմ կազմակերպիչները փորձում են ընդհանուր հայտարարի գալ։ Նաեւ նշվեց, որ համերգի վերաբերյալ բոլոր մանրամասներն ու պաշտոնական հայտարարությունը կլինի այսօր։

Եվ հայկական կողմի պաշտոնական հայտարարությունը չուշացավ.

«Ռուսաստանյան կազմակերպիչ GLOBAL COMMUNICATIONS-ը՝ ի դեմս Անդրեյ Ագապովի, մեկ անգամ չէ, որ խախտել է պայմանագրով ամրագրված ֆինանսական պարտավորությունները՝ որոնք պետք է ուղղվեին Ռամազոտտիի համերգային շոուն միջազգային մակարդակով կազմակերպելու ծախսերի վճարմանը»,- նշում է պրոդյուսերական ընկերության ղեկավար Զառա Մխեյանը:

«Մենք սպասում էինք մինչև վերջին պահը, քանի դեռ հնարավոր կլիներ ապահովել բարձրակարգ շոու, ինչպես որ նախատեսված էր, սակայն այդպես էլ չստացանք կայանալիք համերգների կազմակերպմանն ուղղված վճարները: Այժմ ես գտնվում եմ Մոսկվայում և սպասում եմ պաշտոնական հաստատման Անդրեյ Ագապովի կողմից: Համերգի՝ պաշտոնապես չեղյալ հայտարարվելուց հետո մենք դատական կարգով կպահանջենք պատվիրատուի կողմից (GLOBAL COMMUNICATIONS) իր պայմանագրային պարտավորությունների չկատարման արդյունքում մեզ պատճառված նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև` բաց թողնված օգուտի, մեր կրած ծախսերի, բարոյական վնասի, մեր կազմակերպության գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս պահին FORPOSTART PRODUCTION-ը լրացուցիչ բանակցություններ է վարում արտիստի՝ Trident Music Srl պրոդյուսերական ընկերության հետ՝ փորձելով փրկել երևանյան համերգը՝ ինչպես վարվեցին Թբիլիսիի և Բաքվի կազմակերպիչները:

Ավելացնենք, որ Էրոս Ռամազոտտի համերգները Մոսկվայում պետք է կայանային ապրիլի 2-ին և 3-ին «Կրոկուս Սիթի Հոլլում», իսկ Երևանում՝ ապրիլի 26-ին: FORPOSTART PRODUCTION-ը լրացուցիչ կտեղեկացնի տոմսերի վերադարձի ամսաթիվը. այն կտեղադրվի www.forpostart.ru կայքում:



© NEWS.am STYLE