Անհարմար է, որ Թբիլիսիիում եւ Բաքվում կայանալու է, իսկ մեզ մոտ՝ ոչ. Զառա Մխեյանը՝ Ռամազոտտիի համերգի մասին

17:44   29 մարտի, 2016

Երեկ ռուսական պարբերականներից մեկի տարածած հայտարարությունը լայն տարածում գտավ հայկական մամուլում: Պարզվեց, որ աշխարհահռչակ երաժիշտ Էրոս Ռամազոտտին չեղյալ է հայտարարել իր համաշխարհային Perfetto համերգային շրջագայությունը Ռուսաստանում, Հայաստանում եւ Էստոնիայում։ «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ի տնօրեն Զառա Մխեյանը մեկնել է Մոսկվա, որտեղ բանակցություններ է վարում ռուսաստանյան «Global Communications» (էրոս Ռամազատտիի համերգների կազմակերպիչը ԱՊՀ տարածքում) եւ արտիստի Trident Musics պրոդյուսերական ընկերությունների հետ։

Ժամեր առաջ տարածված մամլո հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմը խախտել է պայմանագրային իր պարտավորությունները, եւ այժմ կազմակերպիչները փորձում են ընդհանուր հայտարարի գալ։

NEWS.am STYLE-ը կապ է հաստատել Զառա Մխեյանի հետ, որը մեզ հետ զրույցում մեկնաբանել է ստեղծված իրավաճակը.

«ԱՊՀ տարածքում Ռամազոտտիի համերգային շրջագայության պատվիրատուն ռուսաստանյան կազմակերպիչ Global Communications-ն է՝ ի դեմս Անդրեյ Ագապովի: Ընկերությունը նաեւ պատվիրել է երեւանյան համերգը: Մենք նույնպես տեղյակ չենք եղել, որ Ագապովը խախտել է պայմանագրով ամրագրված ֆինանսական պարտավորությունները, եւ հիմա մենք ուղիղ բանակցում ենք Ռամազոտտիի պրոդյուսերական հարցերով զբաղվող Trident Musics-ի հետ, որպեսզի ամեն գնով փրկենք համերգը: Global Communications-ը չի վճարել ամբողջ շրջագայության գումարը: Անդրեյ Ագապովը փոխանցվել է նախատեսված գումարի ընդամենը 10 տոկոսը, որը բավականացրել է միայն Մինսկի համերգի համար: Մինչեւ երեկ նա խոստանում էր վճարել, բայց այսօր արդեն կապի դուրս չի գալիս»,- մեզ հետ զրույցում ասաց Զառա Մխեյանը:

Նրա խոսքով՝ Ռամազոտտիի համերգները Թբիլիսիում եւ Բաքվում այնուամենայնիվ կկայանան, քանի որ տեղական հովանավորներ են գտնվել.

«Թբիլիսիում մշակույթի նախարարությունը բյուջեից գումար է տրամադրել: Ալիեւի հիմնադրամի աջակցությամբ ապրիլի 28–ին Բաքվում նույնպես համերգը կկայանա: Այժմ մենք դիմել ենք մի քանի հայ գործարարների եւ սպասում ենք նրանց արձագանքին: Ավելին, Հայաստանի պարագայում ծախսերն ավելի քիչ կլինեն, քանի որ նախատեսված տեխնիկան արդեն բերելու են Վրաստան, որտեղից հեշտությամբ կարելի է տեղափոխել Երեւան: Չեղարկման հարցում մեր մեղավորությունը ընդհանրապես չկա, մենք կատարող ենք: Մեր կողմից ամեն ինչ արված է: Մենք պայմանագիր ենք կնքել Ագապովի հետ եւ սպասում ենք նրա պաշտոնական հայտարարությանը, ինչից հետո թե մենք, թե Ռամազոտտիի պրոդյուսերական ընկերությունը մտադիր ենք դատի տալ՝ պահանջելով պատճառված նյութական եւ գործարար համբավին վնասի փոխհատուցում: Անում եմ հնարավոր ամեն ինչ համերգը փրկելու համար: Ճիշտն ասած՝ անհարմար է, որ Թբիլիսիիում եւ Բաքվում կայանալու է, իսկ մեզ մոտ՝ ոչ: Չնայած դա մեր մեղավորությունը չէ»:

Իսկ նրանք, ովքեր արդեն գնել են տոմսերը, Զառա Մխեյանը խորհուրդ է տալիս սպասել եւս մեկ օր, երբ կլինի պաշտոնական հայտարությունը:

Հուսանք, որ հայ գործարարները անպատասխան չեն թողնի Զառա Մխեյանի առաջարկը եւ Ռամազոտտիի հայ երկրպագուները նույնպես հնարավորություն կունենան վայելել իրենց սիրելի արտիստի համերգը Երեւանում:

Դիանա Հովհաննիսյան



© NEWS.am STYLE