Լեդի Գագայի պրոդյուսերին կողոպտել են երգչուհու ծննդյան օրը

12:01   31 մարտի, 2016

Մարտի 29-ին էպատաժային Լեդի Գագան 30 տարեկան դարձավ:

Սակայն աստղը իր ծնունդը դրանից մեկ օր առաջ էր տոնել: Երեկույթին մասնակցել էին Քեյթ Հադսոնը, Թեյլոր Սվիֆթը, Լանա Դել Ռեյը, Քայլի Մինոուգը ու շատ այլ աստղային ընկերներ: Հանդիսությունը հոլիվուդյան No Name գիշերային ակումբում էր, ու դրա հետեւանքները բոլորովին դուր չեն եկել երգչուհու պրոդյուսեր DJ White Shadow-ին:

Պարզվում է, 37-ամյա պրոդյուսերին (նա Գագայի Born This Way եւ Artpop ալբոմների պրոդյուսերն է եղել) կողոպտել են հավաքույթի ժամանակ, վնասն էլ 15 հազար դոլար է գնահատվում:

Ընդ որում, պրոդյուսերին բավականին խորամանկ ձեւով են կողոպտել: Դուրս գալով հավաքույթից՝ պրոդյուսերը իր ընկերոջ հետ նստել է մեքենա, այդ պահին նրանց կողքին ինչ-որ պապարացի է հայտնվել (հետագայում պարզվել է, որ նա ամենեւին էլ լուսանկարիչ չէ, քանի որ ոչ մի պարբերական նման թղթակից չունի) եւ սկսել է վիճել նրանց հետ ու սադրել: DJ White Shadow-ն ու նրա ընկերը, բոլոր գաջետները ու համակարգիչները թողնելով ավտոմեքենայում շարժվել են դեպի կեղծ-լրագրողը: Պապարացին փախել է, իսկ երբ պրոդյուսերը ու նրա ընկերը վերադարձել են մեքենայի մոտ, տեսել են, որ այնտեղ թողած իրենց բոլոր իրերը անհետացել են: Նրանք ոստիկանություն են դիմել, որը դեռ կասկածյալ չունի:

Աղբյուր՝  TMZ



© NEWS.am STYLE