17-ամյա Լիդուշիկն իր նորությունների եւ մեծերի մրցույթներին մասնակցելու մասին

16:24   31 մարտի, 2016

Փոքրերի աշխարհի ու թռչունների մասին երգերով հայտնի երգչուհի Լիդուշիկը վաղուց արդեն դուրս է եկել այդ աշխարհից. Ամռանը կլրանա երգչուհու 17-ամյակը: Վերջերս միջոցառումներից մեկի ժամանակ նկատեցինք երգչուհուն եւ փորձեցինք պարզել, թե ինչով է այս պահին զբաղված եւ ինչ ապագա ծրագրեր ունի.

«Ապրիլի 7-ին Արարատ քաղաքում կկայանա թվով իմ 8-րդ մենահամերգը: Կան նաեւ այլ ծրագրեր, որոնց մասին դեռ չեմ բարձրաձայնի, որովհետեւ դրանք դեռ քննարկման փուլում են: Իհարկե ծրագրերի մեջ միշտ կան նոր երգերն ու տեսահոլովակները»,-ասում է երգչուհին:

Ֆիլմերում  նկարահանվելու փորձ ունեցող Լիդուշիկից հետաքրքրվեցինք նաեւ նկարահանման նորությունների մասին.

«Նկարահանվելու առաջարկներ դեռ չեմ ստացել: Բայց եթե լինեն, մեծ սիրով կընդունեմ, որովհետեւ հավասարապես սիրում եմ թե երգը, թե նկարահանվելը»:

Այժմ երգչուհին սովորում է Երեւանի էստրադային եւ  ջազային արվեստի քոլեջի երկրորդ կուրսում. Բացի վոկալից նաեւ սովորում է նվագել հարվածային գործիքների վրա: Մրցույթներին մասնակցելու ցանկությունը եւս չի մարել Լիդուշիկի մոտ: Սակայն հաջորդ մրցույթի տարիքային դասակարգը, թերեւս, այլ կլինի:

«Ցանկություն ունեմ մրցույթների մասնակցելու, բայց դեռ ծրագրերումս չկան մրցույթներ: Կարող եմ արդեն նաեւ մեծերի մրցույթների մասնակցել, ինչո՞ւ ոչ, օրինակ`  «Նոր Ալիքին»»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Լիդուշիկի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE