Իվետա Մուկուչյանը` լավաշ թխելիս. Հայտնի են «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկի մանրամասները

21:09   31 մարտի, 2016

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկն արդեն նկարահանվել է: NEWS.am STYLE-ն օրեր առաջ ներկայացրել է նկարահանումից որոշ լուսանկարներ:

Այժմ արդեն հայտնի են տեսաբացիկի սյուժեից այլ մանրամասներ եւս.

Այս տարի տեսաբացիկները նպատակ ունեն ներկայացնելու մասնակից պետությունը՝ ընդհանուր առմամբ, արտիստին՝ մասնավորապես: Դրանք կօգնեն կարեւորել ինչպես վերոնշյալ երկրի մշակույթն ու ավանդույթները, այնպես էլ ներկայացնել արտիստի հետաքրքրությունները: Տեսաբացիկի ռեժիսորը Օլիվեր Մարթինն է.

«Մենք փորձում ենք ներկայացնել երկիրը արտիստի միջոցով՝ նրա հետաքրքրությունների, նախասիրությունների: Մենք հրաշալի ժամանակ ենք անցկացնում Հայաստանում: Այստեղ շատ գեղեցիկ է, մարդիկ հյուրընկալ են եւ շատ բարի: Բացի այդ, իսկական հաճույք է Իվետայի հետ աշխատելը. նա շատ տաղանդավոր, պրոֆեսիոնալ եւ տարբերվող արտիստ է: Կարծում եմ տեսաբացիկը իսկապես շատ հետաքրքիր կստացվի»,-նշել է ռեժիսորը:

«Թեեւ մենք ընդամենը մեկ օր ունեինք նկարահանումներ կատարելու համար, բայց արեցինք առավելագույնը եւ ներկայացրեցինք հայաստանյան ինքնատիպ վայրեր: Եվրատեսիլյան տեսաբացիկում ծիրանի ծառը, շախմատը, ինչպես նաեւ իմ լավաշ թխելը նույնպես խորհրդանշում են հային ու Հայաստանը: Իսկապես հրաշալի էր նկարահանման ընթացքը, ես անհամբերությամբ կսպասեմ, թե երբ եմ տեսնելու տեսաբացիկը: Կարծում եմ Դուք էլ կհավանեք այն»,- նշում է Իվետա Մուկուչյանը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Եվրատեսիլի» հայաստանյան տեսաբացիկի մասին պատմող տեսանյութը եւ լուսանկարները:



© NEWS.am STYLE