Էլեն Սեգարան աղոթում է հայ զինվորների համար. երգչուհին հրապարակել է հայկական դրոշի նկարը

10:02   5 ապրիլի, 2016

Հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Էլեն Սեգարան Facebook սոցցանցի իր էջում հայկական դրոշի նկարն է հրապարակել ու մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձությունները.

«Ղարաբաղն ու Ադրբեջանը պատերազմական վիճակում են: Երեխաներ են զոհվել: Այդ ամենը այստեղ քչերին է հուզում, գուցե միայն երբ մամուլն է հիշատակում այդ մասին: Սիրտս կտոր–կտոր է լինում, երբ տեսնում եմ, որ պատմությունը նորից ու նորից կրկնվում է:
Խնդրում եմ ընկերնե՛ր, իմ գրառումը վերահրապարակեք ձեր էջերում, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում: Որպեսզի բարբարոսությունը դադարի թե այնտեղ, թե ամբողջ աշխարհում, որպեսզի խավարը չհաղթի լույսին»,- գրել է երգչուհին ու ավելացրել #PrayForArmenianSoldiers հեշթեգը:

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, քանի որ հենց դրա պատճառով է կատարվում այն ամենը, ինչին մենք հիմա ականատես ենք լինում: Բայց սարսափելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ ինքնաոչնչացումով զբաղվում, տեսնել թե ինչպես է արյունահոսում աշխարհը, համացանցում տեսնել այդ ատելությամբ լի հայտարարությունները...
Եթե մենք այս նույն ոգով շարունակենք, չմոռանանք ատելությունն ու բռնությունը, մեր ապագան, բոլորիս ապագան մեծ հարցականի տակ կլինի՝ անկախ նրանից, թե ով ենք մենք ու ինչ աստծո ենք հավատում:

Ե՞րբ է վերջապես մարդկությունը միավորվելու»,- գրել է Սեգարան:



© NEWS.am STYLE