Ամերիկյան Fox 11 TV հաղորդավարուհին՝ սահմանային դեպքերի մասին

11:24   5 ապրիլի, 2016

Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիան գնալով լայն արձագանք է գտնում աշխարհասփյուռ հայերի շրջանում: Ամերիկահայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Fox 11 TV առավոտյան ծրագրի հայ հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանը, Facebook-յան իր էջում հրապարակել է Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» (տատիկ-պապիկ) հուշակոթողի լուսանկարը եւ նոր գրառում կատարել՝ մեկնաբանելով սահմանային լարված դեպքերը․

«Պատմականորեն հայկական տարածք համարվող Լեռնային Ղարաբաղում, որը ԽՍՀՄ-ը անջատելով Հայաստանից միացրել էր Ադրբեջանին, իրավիճակը շարունակում է լարված մնալ։ 1990-ականներին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արցախցիները, առաջնորդվելով իրենց ինքնորոշման իրավունքով, անկախություն հայտարարեցին, ինչը պատերազմի տեղիք տվեց։ Ադրբեջանը փորձեց ուժով հետ բերել այս տարածքները, իսկ հայերը, հետ շպրտելով նրանց, վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Երեք օր անընդմեջ հայ եւ ադրբեջանցի զինվորների միջեւ բախումները շարունկավում են՝ չնայած Ռուսաստանն ու Արեւմուտքը հրադադարի կոչեր են անում։

Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

Թուրքիայի նախագահը խոստացել է «մինչեւ վերջ» սատարել իր դաշնակից Ադրբեջանին։

Իսկ Իրանը կոչ է անում զսպվածություն դրսեւորել եւ առաջարկում է օգնել պայքարը դադարեցնելու հարցում»,- իր էջի հետեւողներին իրավիճակը ներկայացրել է Արաքսյան։



© NEWS.am STYLE