Դուբայում մտադիր են կառուցել նոր երկնաքեր՝ Բուրջ Խալիֆայից ավելի բարձր

13:10   11 ապրիլի, 2016

Դուբայում մտադիր են հասնել մինչեւ երկինք։ Այստեղ որոշել են գերազանցել սեփական ռեկորդը՝ կառուցելով նոր երկնաքեր, որը երկրորդ տեղ կմղի աշխարհում դեռեւս ամենաբարձրը համարվող Բուրջ Խալիֆային։

Մինարեթի տեսք ունեցող նոր երկնաքերը կտարբերվի սովորական բարձրահարկ շինություններից։ Դրա կառուցման համար ներշնչանքի աղբյուր է դարձել Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Շամիրամի կախովի այգիները։ Բաբելոնյան շնչով այս երկնաքերը գեղեցիկ այգիներից եւ պուրակներից բացի, կունենա նաեւ պտտվող պատշգամբներ։

Կառավարությունը համոզված է, որ նոր շինությունը կգրավի ոչ միայն զբոսաշրջիկներին (քանի որ այստեղ կլինեն բարձրակարգ հյուրանոցներ, բուտիկներ եւ ռեստորաններ), այլեւ նրանց, ովքեր գեղեցիկ համայնապատկեր ունեցող բնակարաններ ու տարածքներ են փնտրում։

Ընկերության, որը պետք է կյանքի կոչի այս նախագիծը, ներկայացուցիչը նշել է, որ նոր երկնաքերը ավելի բարձր կլինի Բուրջ Խալիֆայից (մոտ 828 մետր) եւ կդառնա աշխարհի ամենաբարձր շինությունը։

Ավելացնենք, որ իսպանացի ճարտարապետ-դիզայներ Սանտյագո Կալատրավայի նախագծած նոր երկնաքերը պետք է շահագործման հանձնվի մինչեւ 2020-ը, երբ Դուբայում կանցկացվի World Expo համաշխարհային ցուցահանդեսը։  

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE