«Ամարաս» պարային համույթի սաների օգնությունը` սահմանին կանգնած զինվորներին եւ Թալիշի ու Մատաղիսի բնակչությանը (ֆոտո)

14:08   16 ապրիլի, 2016

«Ամարաս» պարայինի համույթի սաներն ու նրանց ծնողները որոշել են աջակցել մեր սահմանին կանգնած զինվորներին եւ սահմանամերձ Թալիշ ու Մատաղիս գյուղերից տարահանված բնակիչներին: Հագուստի եւ սննդի տեսքով հավաքված օգնությունը զինվորներին եւ սահմանամերձ գյուղերի բնակիչերին կհասցնի Լեռնային Ղարաբաղի Տիգրան Մեծ գնդի թիկունքի պետ, նախկին ազատամարտիկ Հայկ Հարությունյանը.

«Տա Աստված, որ պատերազմը շուտ ավարտվի եւ լինի վերջինը: Փառք Աստծո, որ կան նման նախաձեռնություններ: Մենք այն ազգն ենք, որը խաղաղ ժամանակ արտագաղթում ենք, իսկ պատերազմի ժամանակ վերադառնում ենք: Մեր զինվորները հպարտ են, որ ամբողջ ազգն իրենց թիկունքին կանգնած է: Իսկ երբ զինվորը գգում է՝ ժողովուրդն իր հետ է, նա գիտի, որ այդ նույն ժողովրդի անվտանգությունը պետք է ապահովի եւ դա անում է անգամ իր կյանքի գնով»,-նշեց պարոն Հարությունյանը:

Զոհված ազատամարտիկի այրի, Արցախյան հերոսամարտի մասնակից-բժշկուհի Ալվարդ Նիկողոսյանի թոռնուհին եւս հաճախում է «Ամարաս» պարային համույթ: Տվյալ զորամասին աջակցելու միտքը հենց տիկին Նիկողոսյանինն էր.

«Տանկերով եւ զենքերով միայն չեն կռվում, կռվում են նաեւ միասնությամբ: Այդպիսի համախմբվածություն ունի նաեւ մեր «Ամարաս» պարային համույթը: Մեր շատ սիրելի եւ հարգարժան Վիկա Մարտիրոսյանի գլխավորությամբ` ծնողներն ու երեխաները սիրով համաձայնեցին այս ակցիային մասնակցել, որպեսզի մեր փոքրիկ լուման հասնի մեր զինվորներին եւ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք Թալիշից եւ Մատաղիսից մազապուրծ փախել են եւ հիմա ոչինչ չունեն: Կարծում եմ՝ մենք պետք է իրենց օգնենք»,-նշեց տիկին Նիկողոսյանը:

«Ամարաս» պարային համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ թե ինքը, թե համույթի սաների ծնողները մեծ սիրով եւ պատրաստակամությամբ են ձեռնամուխ եղել այս նախաձեռնությանը.

«Արդեն մոտ 14 օր է, ինչ բոլորս անհանգիստ արթնանում ենք եւ միանգամից հետեւում ենք նորություններին, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչ է կատարվում սահմանում: Մի քանի օր առաջ մեր սաներից մեկի տատիկը` տիկին Ալլան, մոտեցավ եւ ասաց, որ սերտ կապերի մեջ է զորամասերից մեկի հետ եւ խնդրեց, որ ինչ-որ կերպ մենք էլ օգնենք նրանց: Մենք էլ, միանշանակ, համաձայնվեցինք: Ձեռք բերեցինք թե սնունդ, թե հագուստ, թե այլ անհրաժեշտ պարագաներ: Քանի որ Մատաղիսի եւ Թալիշի բնակիչներից շատերն են տարհանվել, նրանք ունեն թե հագուստի, թե սնունդի կարիք, ինչով էլ ցանկացանք օգնել նրանց: Շնորհակալ եմ մեր սաների ծնողներից, որովհետեւ ամեն ինչ շատ համախմբված կազմակերպվեց: Սա ամենաչնչին բանն է, որ կարող ենք անել մեր կյանքը պաշտպանող զինվորների եւ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար»:

Սննդից եւ հագուստից բացի, համոզված ենք՝ զինվորներին կհասնի նաեւ «Ամարաս» պարային համույթի փոքրիկ պարուհիների ամբողջ ջերմությունն ու բարեմաղթանքները:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE