Արմինկայի բաց նամակը` ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովին

19:05   18 ապրիլի, 2016

Հայ մշակութային գործիչները շարունակում են կոչ անել միջազգային կառույցներին վերջ դնել Ադրբեջանի կողմից իրականացվող ռասիզմին, հրադադարի խախտումներին եւ ագրեսիաներին: Այդ նպատակով այսօր երգչուհի Արմինկան հանդես եկավ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովին ուղղված իր բաց նամակով, որտեղ ասվում է.

«ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի հարգարժան անդամներ,

Իմ անունն Արմինե է: ես հայ եմ:

Մոտ երկու տասնամյակ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ստեղծել է խաղաղ եւ դեմոկրատական երկիր, որտեղ կարեւոր  արժեք են ներկայացնում մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը: Արցախում (ԼՂՀ) եղել եմ 1994 թ-ին, երբ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ պատերազմն արդեն ավարտվել էր: Իմ ստեղծագործական կյանքը լի է Արցախի` հայոց այս հողի  մասին անփոխարինելի հիշողություններով, որտեղ գտնվում են մեր հին եկեղեցիներն ու ամրոցները:

Իսկ այսօր սիրտս ցավում է տեսնելով, թե ինչպես է ադրբեջանական բանակը սպանում անմեղ մարդկանց, ռմբակոծում տներն ու դպրոցները` դաժանաբար սպանելով երեխաներին եւ ծերերին, խեղաթյուրելով նրանց մարմինները: Սրանք պատերազմական հանցաործությունների օրինակներ են, ինչը, միանշանակ, անընդունել երեւույթ է: Պատերազմը շատ դաժան բան է: Պետերազմը սարսափելի է: Ոչ մի երեխա չպետք է զոհվի իր կրթության ճանապարհին: Հասարակ մարդիկ մեղավոր չեն եւ ՉՊԵՏՔ է զոհվեն պատերազմի ընթացքում:

Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանի Պաշտպանության նախարարը պաշտոնապես սպառնում էր ռմբակոծել ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտը: Ես ապշել էի…Իրեն հարգող ժամանակակից ոչ մի ազգ չպետք է նման հայտարարությամբ հանդես գա եւ պետք է պատասխանատվություն կրի այդ հայտարարությունների համար:

Ադրբեջանը հրադադար է հայտարարել, սակայն դրա հրետանավորները շարունակում են կրակել…

Ես մեծապես դատապարտում եմ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիաները, ահաբեկչական գործողություններն ու ռասիզմը եւ միջազգային հանրությանը կոչ եմ անում կանգնեցնել դրանք:

Հարգանքներով`

Արմինե Նահապետյան` երգչուհի»:



© NEWS.am STYLE