Նորապսակ զույգը վարձույթով վերցրած Ferrari Spider-ով բախվել է պատին

19:24   18 ապրիլի, 2016

Ոչ այնքան հաջողակ եւ երջանիկ օր էր ճակատագիրը պատրաստել բրիտանացի նորապսակ զույգի համար։

Օրեր առաջ Լանքաշիրում տեղի ունեցած այս ավտովթարը ցնցել է ամբողջ Բրիտանիան։ Նորապսակ զույգն իրենց կյանքի ամենանշանակալից օրն ավելի շքեղ դարձնելու համար որոշել էին 240000 ֆունտ ստերլինգ (մոտ 340000 դոլար) արժողությամբ Ferrari Spider վարձույթով վերցնել։ Բայց ցավոք մինչեւ 320կմ/ժ արագություն ունեցող մեքենան դժբախտ պատահարի հետեւանքով բախվել է պատին։ Վնասված մեքենայի լուսանկարը հրապարակել է Լանքաշիրի ոստիկանությունը՝ նշելով, որ վիրավորներ չկան։

Լրագրողներին դեռ չի հաջողվել պարզել, թե ովքեր են եղել նորապսակները, իսկ թե ով է մեքենայի «երջանիկ» տերն արդեն հայտնի է։ Մեքենան պատկանում է 21-ամյա Ալիմ Իքբալին, որի հայրիկի Platinum Executive Travel ընկերությունը զբաղվում է թանկարժեք եւ շքեղ ավտոմեքենաների վարձույթով։

Շատերը սկզբում կարծել են, որ ղեկին հենց Ալիմն է եղել, բայց վերջինս արդեն գրառում է կատարել Twitter-ում՝ նշելով, որ մոտակա մի քանի շաբաթը մարդկանց համար խոսելու նոր թեմա կլինի.

«Շնորհակալություն անհանգստանալու համար։ Ես չեմ մեքենան վարել, եւ կարեւորը ոչ մեկը չի տուժել։ Բիզնեսում ավելի վատ դեպքեր էլ են լինում»,- ասել է երիտասարդը։

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE