Եվրատեսիլ 2016. Ռումինիան հեռացվել է մրցույթից

17:16   22 ապրիլի, 2016

Եվրատեսիլ երգի մրցույթի մեկնարկից ընդամենը 19 օր առաջ կազմակերպիչները շատ կտրուկ որոշում են կայացրել։ Մրցույթից հեռացվել է Ռումինիան եւ փաստորեն, Եվրատեսիլ 2016-ին այս երկրի ներկայացուցիչ Օվիդիու Անտոնը ելույթ չի ունենա, հայտնում է Wiwibloggs-ը։

Այս սկանդալային որոշման պատճառն այն է, որ Ռումինիայի հանրային հեռուստաընկերությունը չի վճարել մոտ 14.5 միլիոն եվրոյի պարտքը՝ կուտակված 2007-ից։ 2010-ից Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ) զգուշացրել է, որ հարկավոր է մարել պարտքերը, բայց ռումինական կողմը այդպես էլ ոչ մի վճարում չի կատարել։ Ավելին, կազմակերպիչները չորս անգամ դիմել են Ռումինիայի կառավարություն, բայց կրկին ապարդյուն։

ԵՀՄ-ն Ռումինիային տվել էր վերջնաժամկետ մինչեւ ապրիլի 20-ը, որպեսզի այս ընթացքում ռումինական կողմը նվազագույնը 9 միլիոն եվրո վճարի։ Դարձյալ պատասխան չստանալու հետեւանքով, կազմակերպիչները նման կտրուկ որոշում են կայացրել։

 



© NEWS.am STYLE