Ջորջ Քլունին այցելել է «Թումո» կենտրոն

20:06   22 ապրիլի, 2016

Ժամեր առաջ Հայաստան ժամանած Ջորջ Քլունին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ NEWS.am STYLE-ի թղթակցի հարցին՝ «հավանե՞լ եք Հայաստանը», աշխարհահռչակ դերասանը պատասխանել է՝ «այո»։ 

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ Քլունին շրջել է կենտրոնում, ծանոթացել «Թումո»-ի գործունեությանը, հնարավորություններին եւ առաջարկած կրթական ծրագրերին։

Նշենք, որ Ջորջ Քլունին Երեւան է ժամանել շատ բարձր տրամադրությամբ։ Դերասանին իրեն դիմավորելու եկած գործարար Ռուբեն Վարդանյանից նախ հետաքրքրվել է, թե ինչպես են հայերեն ողջունում, ապա բոլորին բարեւել է հայերեն։

Այցի շրջանակներում Քլունին մասնակցելու է Aurora Prize for Awakening Humanity միջազգային առաջին մրցանակաբաշխությանը՝ կազմակերպված հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի եւ Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի նախաձեռնությամբ։

Մրցանակաբաշխությունը նպատակ ունի միավորելու աշխարհի մարդասերներին եւ հանձնել մրցանակներ նրանց, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը` հանուն այլ կյանքերի փրկության: Արարողությունը կկայանա ապրիլի 24-ին Երեւանում։

Ջորջ Քլունին կհայտարարի հաղթողի անունը:

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE