Վայր, որտեղ կարող ես տոնել լավ ապրած կյանքդ. Ջորջ Քլունին՝ Փարաջանովի թանգարանի մասին (Ֆոտո)

17:10   24 ապրիլի, 2016

Օրեր առաջ Հայաստան ժամանած աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցից հետո կեսօրին եղել է 20-րդ դարի կինոինդուստրիայի մեծագույն արվեստագետներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում։ Հանրահայտ դերասանը շրջել է ամբողջ թանգարանում, տեսել կինոռեժիսորի կոլաժները, գծանկարները, տիկնիկները, գլխարկներն ու այլ գեղարվեստական գործեր։ Քլունին մեծ տպավորություններով է հեռացել Ս. Փարաջանովի թանգարանից։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայտնեց տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

«Քլունիին շատ է հավանել թանգարանը։ Անընդհատ հարցեր էր տալիս Փարաջանովի կյանքից եւ արվեստից։ Նրան հատկապես դուր էր եկել «Նռան գույնը» ֆիլմը։ Դերասանը հետաքրքությամբ դիտել է այն՝ ասելով ֆանտաստիկ ֆիլմ է»,- ասաց գիդը։

54-ամյա դերասանի համար հատուկ հյուրասիրություն էր կազմակերպված։ Խոհարար Նուբար Ջիվանյանի խոսքով՝ Քլունին համտեսել է մի քանի ուտեստներ, այդ թվում՝ իշլի քյուֆտա, բեկոնով կերակրատեսակներ, բայց հոլիվուդյան աստղին հատկապես դուր է եկել փռի մեջ եփած կարմրախայտը։

Նշենք, որ դերասանը վերջում գրառում է կատարել թանգարանի մատյանում եւ իր կարծիքն է գրել թանգարանի մասին. «Վայր, որտեղ կարող ես տոնել լավ ապրած կյանքդ»։

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE