Ինչպես Քոնան Օ’Բրայենի օգնականը դարձավ TBS հեռուստաալիքի ոչ պաշտոնական հայ դեսպանը

16:33   4 մայիսի, 2016

Սոնա Մովսեսյանն իր քայլերը սկսել է Քոնան Օ’ Բրայենի հեռուստանախագծում` որպես արտադրության բաժնի օգնական, իսկ այսօր նա անձամբ Քոնանի օգնականն է:

«Անկեղծ ասած` Քոնանի հետ իր բոլոր ուղիներով անցնելն իմ կյանքի լավագույն փորձերից է եղել»,-ասում է Սոնան:

Սոնան խոստովանում է, որ տարված է հեռուստատեսությամբ: People ամսագրին տված հարցազրույցում նա նշել է, որ մի շաբաթում հասցրել է դիտել Friday Night Lights շոուի բոլոր եթերաշրջանները:

Երբ Սոնան դեռեւս Հարավային Քալիֆորնիայի համալսարանի ուսանողուհի էր, նա մտածում էր, որ պետք է աշխատի կինոինդուստրիայում: Այնուհետեւ նա փորձաշրջան անցավ NBC հեռուստաաալիքում: Այդպես սկսվեց նրա էկրանային գործունեությունը:

Թեեւ Սոնան երբեք չի ցանկացել երեւալ հեռուստաէկրաններին, նրա դեմքը բավականին ծանոթ է TBS-ի եւ Քոնանի շոուի լսարանին: Նա, հատկապես, մեծ ճանաչման հասավ աշնանը, երբ Քոնանի հետ ժամանեց Հայաստան:

Հայկական արմատներ ունեցող աղջիկը ոգեշնչեց շոումենին նկարահանել Հայաստանի մասին հաղորդում:

«Շատ կցանկանայի ասել, որ Հայաստան գնալն իմ մտահաղացումն էր, սակայն դա այդպես չէ: Այդ ծրագրի հեղինակը Քոնանն է»,-խոստովանում է Մովսեսյանը:

Սոնայի ծնողները Միացյալ Նահանգներ տեղափոխվել են Թուրքիայից:

«Ես հաճախ չեմ բարձրաձայնել այն մասին, որ հայուհի եմ, քանի որ կարծում եմ` առաջին սերնդի ամերիկահայերի արտաքինից միանգամից երեւում է նրանց հայ լինելը»,-ասում է նա` ավելացնելով. «Կարծում եմ` Քոնանը հաշվի առավ այն փաստը, որ ես երբեք չեմ եղել Հայաստանում»:

Այդ ուղեւորությունը մեծ նշանակություն ուներ Մովսեսյանի համար, որը հնարավորություն ունեցավ տեսնելու իր հայրենիքը: Սակայն հայտնի շոումենի օգնականը խոստովանում է, որ հուզմունքի եւ անհանգստության պատճառ եւս ուներ.Նա թիմում միակ հայն էր եւ մտավախություն ուներ` արդյոք կկարողանա՞ ամեն ինչ հավուր պատշաճով մատուցել.

«Մտածում էի` իսկ ի՞նչ կլինի, եթե ինչ-որ բան սխալ անեմ եւ հայկական համայնքը երես թեքի ինձանից»:

Բարեբախտաբար, նման բան տեղի չունեցավ: Ավելին, շոուն ավելի շատ դրական արձագանքներ ստացավ, քան հայուհին ակնկալում էր:

«Դրանից հետո շատ հայեր սկսեցին սոցիալական ցանցերի իմ էջերին նամակներ ուղարկել եւ շփվել ինձ հետ»,-ասում է Սոնան:

Չնայած Հայաստանի մասին պատմող էպիզոդում Սոնան հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում` աղջիկը չի կարող չհիշատակել շոուի անձնակազմի մյուս անդամներին.

«Այն, որ նրանք չլինելով ազգությամբ հայ այդքան եռանդով աշխատեցին այդ հաղորդման վրա, ինձ համար շատ բան է նշանակում: Հենց դա է էպիզոդի մեծագույն հաջողությունը: Ինձ համար այդ ամենը շատ հուզիչ էր»:

Աղբյուրը` www.laweekly.com



© NEWS.am STYLE