«Եվրատեսիլ 2016». Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա եզրափակչի երկրորդ մասում

10:25   11 մայիսի, 2016

«Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչում իր ելույթից հետո Իվետա Մուկուչյանին մամուլի ասուլիսի ժամանակ վիճակահանությամբ բաժին է հասել տեղ եզրափակչի երկրորդ մասում: Ինչպես գիտեք մրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսի 14-ին:

Հիշեցնենք, որ Իվետան պատասխանել է Արցախի դրոշի մասին հարցին, որն ինքը ցույց էր տվել իր ելույթից հետո կանաչ սենյակում։

«Ես սպասում էի այս հարցին, բայց եկեք չմոռանանք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը, ու իմ բոլոր մտքերն ու իմ սիրտը ամեն վայրկյան նրա մասին են: Ես ուզում եմ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ միայն խաղաղություն եմ ցանկանում մեր սահմաններին, Հայաստանը խաղաղություն է ցանկանում: Ես երգում եմ սիրո մասին, ես գրել եմ այդ երգը սիրո մասին, որպեսզի տարածեմ այն այդ ալիքների միջոցով: Չնայած ես Գերմանիայում եմ ապրում, բայց ես հայուհի եմ ու խաղաղություն եմ մաղթում բոլորին և Հայաստանին»,- պատասխանել է Իվետան:

Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի՝ Ստոկհոլմից



© NEWS.am STYLE