Andriaveti. հայկական «արմատներով» իտալական բրենդ

10:40   15 մայիսի, 2016

Երեւանի Tashir Street-ում բացվեց է Andriaveti իտալական բրենդային խանութը, որտեղ ներկայացված են Իտալիայում արտադրված կանանց զգեստներ, պայուսակներ եւ զարդեր:
Բրենդը հետաքրքիր պատմություն ունի, քանի որ նրա «արմատները» հայկական են: Բրենդի համահիմնադիր Սոֆի Անդրիասյանը NEWS.am Style-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ արդեն վաղուց ապրում է Իտալիայի Բոլոնյա քաղաքում, եւ մոտ 12 տարի է, որ այդ երկրում զբաղվում է հագուստի արտադրման եւ առաքման բիզնեսով: «Բրենդն ստեղծեցինք ես ու ամուսինս մեր ազգանունների հապավումով՝ Անդրեասյան-Ավետիսյան, ու ստացվեց իտալականին համահունչ: Բրենդը ստեղծվել է անցյալ տարի, ու բրենդի անվան ներքո առաջին խանութը որոշեցինք բացել մեր հայրենիքում՝ Հայաստանում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ հայաստանցի հաճախորդները կգնահատեն առաջարկը:
«Հայաստանում Andriaveti բրենդային առաջին խանութը բացելու պատճառներից մեկն էլ այն էր, որ այստեղ այդքան էլ շատ չեն վաճառվում հենց իտալական արտադրության հագուստները, զգեստները, պայուսակները, զարդերը: Ես կարծում եմ, որ լավ եմ հասկանում, թե ինչ են ցանկանում հայ կանայք, թե հագուստի տեսքի եւ թե որակի առումով: Բրենդը միջին եւ միջինից բարձր գնային քաղաքականություն է ունենալու, բայց միեւնույն ժամանակ մենք հագուստի եւ աքսեսուարների դեպքում առաջարկում են բնական, կամ շատ քիչ արհեստական հավելվածներ պարունակող կտորով կարված շորեր: Նաեւ որակ ենք երաշխավորում: Կանայք զգեստների ընտրության նկատմամբ ավելի բծախնդիր են, հազարումի մանրունքի են ուշադրություն դարձնում: Օրինակ մետաքսի զգեստները «վտանգավոր են», պետք է վստահ լինես, որ գնածդ լվալուց հետո չի տեսքից չի ընկնի»,- ասաց Սոֆին՝ ավելացնելով, որ Andriaveti-ին ուշադիր է նաեւ այդ հարցերում:
Նշենք, որ Andriaveti-ի բրենդի հագուստը վաճառվում Եվրոպայում Scandal խանութների ցանցում, եւ Ռուսաստանում տարբեր ցանցերում:
Հայաստանում բացված Andriaveti բրենդի առաջին խանութում վաճառվում են նաեւ Մաորո Ֆրանկի, Իզաբել Գարսիա, Կարդինալ բրենդերի հագուստներ եւ աքսեսուարներ:



© NEWS.am STYLE