Նիհարողի օրագիրը. «Նիհարելու եմ ամբողջ երկրի աչքի առջեւ»

19:18   5 մարտի, 2013

Ողջույն: Անունս Անի է, շուտով 30 տարեկան կդառնամ: Քաշս ավելանում է լույսի արագությամբ, իսկ մի ժամանակ 79 կգ էի 169 սմ հասակի դեպքում: Շնորհակալություն NEWS.am STYLE-ին, որ իր էջում տեղ հատկացրեց: Կարծում եմ՝ սա կօգնի ինձ վերջապես հավաքվել եւ վերադարձնել անցյալի կառուցվածքս: Դադարել եմ ինքս ինձ դուր գալ, հաճախ եմ նկատում իմ երկրորդ կեսի հիացական հայացքները՝ ուղղված, ցավոք, ոչ ինձ, այլ սլացիկ եւ գեղեցիկ աղջիկների: Դիմել եմ բժիշկների, բազմաթիվ դիետաների եմ հետեւել, եւ ի՞նչ արդյունք: Ստամոքսի էրոզիա, գաստրիտ եւ կրկնակի ավելի մարմնի զանգված:

Գիտե՞ք ինչն է ամենից սարսափելին: Ես փոքրիկ ունեմ, ով մեկ-երկու տարի անց անպայման կզգա, որ իր մայրը կառուցվածքով մեծապես տարբերվում է մյուսներից: Եվ վախենում եմ, որ երեխայիս իմ պատճառով կծաղրեն: Այդ պատճառով որոշել եմ խելքի գալ: Իսկ որպեսզի ճիշտ ճանապարհից չշեղվեմ, նիհարելու եմ ամբողջ երկրի աչքի առջեւ: Եթե որեւէ մեկը որոշի ընկերակցել ինձ, միայն կողմ կլինեմ:

Միայն թվում է, որ գեր մարդիկ կամքի ուժ չունեն: Գիտակցական ամբողջ կյանքում հետեւել եմ դիետաների, վազել եմ մարզասրահներով եւ, միեւնույն է, քաշ էի հավաքում: Հետո հանդիպեցի իմ միակին, ամուսնացա, հղիացա եւ… սկսեցի կտրուկ նիհարել: Հղիության ընթացքում շուրջ 15 կգ կորցրեցի. 90 կգ-ից քաշս ընկավ մինչեւ 75: Անսահման երջանիկ էի, կարծում էի՝ կկարողանամ կառուցվածքս պահպանել նաեւ հետագայում: Թեկուզ կմախք չդառնամ. ես այդ չէի էլ ցանկանում: Բայց երեխայի ծնվելու հետ դժվարությունները սկսվեցին: Մեկ ամիս անց կանգնեցի կշեռքին եւ տեսա, որ 82 կգ եմ կշռում: Այն դեպքում, որ գրեթե ոչինչ չէի ուտում եւ անընդհատ զբոսնում էի փոքրիկիս հետ: Չէի կարողանում հասնակալ՝ ի՞նչն է պատճառը, սկսեցի ինձ եւ օրգանիզմս տանջել սովահարությամբ: Չօգնեց: Մեկ ամիս անց արդեն 88 կգ էի:

Խորհուրդ տվեցին դիմել Հայաստանի լավագույն էնդոկրինոլոգին: Անալիզներ հանձնեցի. հորմոնալ խախտումներ թեպետ կային, բայց ոչ շատ մեծ: Ամբողջ տարին առավոտը սկսվում էր հորմոնալ հաբով: Խմում էի անգիտակցաբար եւ չէի հասկանում՝ ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ եմ շարունակում գիրանալ: Հասավ նրան, որ ամբողջ շաբաթ քաղցում էի, բայց, միեւնույն է, մեկ կգ գիրանում էի: Հաբեր այլեւս չէի ընդունում: Առանձնապես տարբերություն չկա. կշեռքի սլաքը համառորեն բարձրանում է վեր: Երկու աշխատանք ունեմ, ճաշի կամ ընթրիքի համար ժամանակ գրեթե չի մնում, չնայած արդեն սովորել եմ քաղցել. միայն ստամոքսի չդադարող ցավերն են հիշեցնում, որ հարկավոր է ինչ-որ բան ուտել:

Իմ երեխան արդեն 2.5 տարեկան է, իսկ քաշս 118 կգ է՝ 169 սմ հասակի դեպքում: Եթե այսպես շարունակվի, մեկ տարի անց 130 կգ կլինեմ: Կարծես փակ շրջանում լինեմ… Հուսահատությունից այս քայլին դիմեցի: Ինձ վրա փորձելու եմ դիետա, որը ստամոքսը չի վնասում եւ, ինչպես պնդում են դիետոլոգները, հրաշքներ է գործում: Իսկ միտքը, որ հաջողության այն կողմում գտնվող ինչ-որ մեկն ինձ կսատարի, միայն կօգնի: Այնպես որ, սպասում եմ ձեր մեկնաբանություններին եւ առաջարկներին: Միայն հիշեք, որ ցանկացած վիրավորական խոսք կվիրավորի, իսկ հիմա ինձ հարկավոր են աջակցություն, ըմբռնում եւ օգնություն:

Խոստանում եմ առաջին իսկ արդյունքից հետո ցույց տալ լուսանկարս:

Եվ այսպես, ո՞վ է ինձ հետ: 



© NEWS.am STYLE