Մանկական Եվրատեսիլ 2016-ին հեռուստադիտողների քվեարկություն չի լինելու

19:35   16 մայիսի, 2016

Այնպիսի տպավորություն է, որ Եվրատեսիլ մրցույթի կազմակերպիչների ստեղծագործ միտքն արդեն սպառվել է, եւ նրանք միայն քվեարկության հարցում են փոփոխություններ կատարում։

Մինչ մայիսի 14-ին կայացած Եվրատեսիլ 2016-ից հետո մրցույթի երկրպագուները եւ հեռուստադիտողը փորձում է ընդունել եւ ընտելանալ քվեարկության նոր համակարգին (չնայած արդեն Ֆիլիպ Կիրկորովը հասցրել է նույնիսկ բողոքել եւ կանոնները վերանայելու կոչ անել), Wiwibloggs-ից տեղեկանում ենք, որ Մանկական Եվրատեսիլ 2016-ին հեռուստադիտողների քվեարկություն չի լինելու։ Այս որոշման պատճառն այն է, որ վերջին տարիներին հեռուստադիտողների քվեարկության ցուցանիշները զգալիորեն նվազել են, եւ կազմակերպիչները որոշել են պարզապես հանել այն։

Այժմ քվեարկությունը վերջնական արդյունքը կլինի պրոֆեսիոնալ եւ երեխաներից կազմված ժյուրիների քվեարկության (50/50 հարաբերակցությամբ) գումարը։ Մրցույթի օրը պրոֆեսիոնալ ժյուրիի ձայները առաջինը կցուցադրվեն հեռուստաէկրաններին, իսկ հետո մասնակից երկրներից ամեն մեկը կհայտնի երեխաների քվեարկության արդյունքները։

Ի դեպ, կազմակերպիչները ներկայացրել են նաեւ մրցույթի լոգոն (նյութի գլխավոր նկարը) եւ կարգախոսը՝ «գրկախառնություն»։ 



© NEWS.am STYLE