20:02 22 փետրվարի, 2013«Եվրատեսիլ-2013-ում» Հայաստանը ներկայացնող երգիչ Գոռ Սուջյանի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ստացել է ավելի քան 70 հայտ: Այս մասին, այսօր` փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Եվրատեսիլի» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` հավելելով, որ հայտերի ընդունումն արդեն ավարտվել է:
Նա տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերությունը հայտեր է ստացել Իսպանիայից, Բելգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Հայաստանից, սակայն ի տարբերություն արտերկրից ստացված երգերի, Հայաստանից ներկայացված երգերը որակապես ավելի լավն են: Արդյունքում ընտրվել է մի քանի երգ, որոնք կձայնագրվեն եւ կներկայացվեն ազգային ընտրությանը մարտի 2-ին: Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Գոռ Սուջյանը եւ «Դորիանս» ռոք խումբը եւս երգի հայտ է ներկայացրել:
Գոհար Գասպարյանը նշեց, որ այս անգամ որոշում են կայացրել չհրապարակել հեղինակների անունները մինչ ազգային ընտրությունը, քանի որ հաճախ, լսելով երգի հեղինակի անունը, շատերը կարող են իրենց սիրած կոմպոզիտորի օգտին քվեարկել մեխանիկորեն: Դրանք կհրապարակվեն ընտրության ավարտից հետո:
Ի դեպ, Հայաստանյան ազգային ընտրությունը կկայանա մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում, որի ընթացքում Գոռ Սուջյանը կկատարի մրցույթին ներկայացված լավագույն երգերը: «Եվրատեսիլ 2013»-ին կհնչի այն երգը, որը ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության (50/50) արդյունքում կհավաքի ամենաբարձր միավորները: Հայաստանյան երգի ընտրության օրը որպես հյուր ներկա կլինի «Եվրատեսիլ 2013»-ում Մալթայի ներկայացուցչի ելույթը:
Ավելի վաղ NEWS.am STYLE-ը հայտնել էր, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի ներքին ընտրությամբ 2013թ.-ի Եվրատեսիլ երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի երգիչ Գոռ Սուջյանը:
Նշենք, որ 2013թ մայիսի 14-ին, 16-ին եւ 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթը: Ավելի վաղ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր Հայաստանի մասնակցի ներքին ընտրության մասին: