Ժաննա Ֆրիսկեի հայրը բարկացել է իրեն «ծուղակը գցած» փրանքերների վրա

18:19   21 մայիսի, 2016

Երեկ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ փրանքերները «ծուղակն են գցել» Ժաննա Ֆրիսկեին ու հաղորդավար Դմիտրի Շեպելեւին:

Վլադիմիր Ֆրիսկեն փրանքերների դեմ բողոք է գրել «ՆՏՎ» հեռուստաալիքի ղեկավարությանը: Նամակում ասվում է, որ ինքը համաձայն չէ իր անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների տարածմանը, ու որ նման դեպքերը օրենքով հետապնդվում են:

«Հեռախոսազրույցի ընթացքում փրանքերների ձեռք բերած տեղեկությունները իմ անձնական ու ընտանեկան գաղտնիքն են»,- գրված է «ՆՏՎ»-ին ուղղված նրա դիմումում, որը հրապարակվել է Starhit–ում:

Հայտնի են «Զանգը» հեռուստահաղորդման՝ Ֆրիսկեների ընտանիքին նվիրված թողարկման որոշ մանրամասներ: Փրանքերները առաջինը զանգահարել էին Վլադիմիր Ֆրիսկեին: Կարծելով, թե Դմիտրի Շեպելեւի հետ է խոսում, նա ընդունել է, որ կատարվածի համար բոլորն են մեղավոր ու հաշտվելու ցանկություն է հայտնել: «Մենք Ժաննային աշխարհով խայտառակ արեցինք... Պլատոշան քո որդին է, ես հավատում եմ դրան: Ես քո թշնամին չեմ: Արի վերջ տանք այս ամենին»,- ասել է երգչուհու հայրը:

Իսկ հեռուստահաղորդավարը, որը նույնպես կարծում էր, թե Ժաննայի հոր հետ է խոսում, անկեղծացել էր ու ասել, որ ուզում է վերջ տալ այդ կոնֆլիկտին:

«Ես ձե՛ր դեմ չեմ պատերազմում, ես ձգտում եմ իմ որդուն պաշտպանել»,- պարզաբանել է նա:



© NEWS.am STYLE