Սերժ Թանկյանը թողարկել է «Ավրորա» մրցանակաբաշխության համար գրված երգը

10:52   25 մայիսի, 2016

Աշխարհահռչակ երաժիշտ, Գրեմմիի արժանացած երգի հեղինակ Սերժ Թանկյանը թողարկել է ապրիլի 24-ին կայացած «Ավրորա» մրցանակաբաշխության համար գրված երգը։ Ստեղծագործությունը կոչվում է «Ավրորայի երազանքը», եւ այն «100 Lives» նախաձեռնության կողմից կազմակերպված միջոցառման թեմատիկ երգն է։ Թանկյանն այն կատարում է երիտասարդ երգչուհի Վերոնիկա Սթալդերի հետ։ «Ավրորայի երազանքը» կարելի է լսել այստեղ։ 

««Ավրորայի երազանքը» այս տարվա իմ լավագույն ստեղծագործական ջանքերի արդյունքն է։ Ես ուրախ եմ, որ երգը հենց «100 Lives»-ի  եւ նրաց կատարած հիանալի աշխատանքի համար է։ Նախաձեռնությունը բոլորի ուշադրությունը հրավիրում է աղետալի ողբերգությունների եւ իրական հերոսների վրա»,- iconvsicon-ին ասել է Թանկյանը։

Նշենք, որ ստեղծագործությունը հնչում է նաեւ ռեժիսոր Էրիկ Նազարյանի «Ավրորա» ֆիլմում։

Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանում է այն հերոսը, որն անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերի շնորհիվ օգնում է մարդկանց։



© NEWS.am STYLE