Բաթումում Maroon 5-ի խելահեղ համերգը կայացավ հորդառատ անձրեւի տակ (Ֆոտո, տեսանյութ)

11:59   8 հունիսի, 2016

Հունիսի 7-ին փոփ-ռոք տոն էր Վրաստանի Բաթում քաղաքում։ Առիթը ամերիկյան հանրահայտ Maroon 5 խմբի համերգն էր։ Մի պահ աջարական խաչապուրիներից եւ թուրքական շաուրմաներից բոլորի ուշադրությունը սեւեռվել էր խմբի հմայիչ տղաների եւ նրանց հիթերի վրա։

Համերգը սկսվեց 3 ժամ ուշացումով, եւ երկրպագուներին Maroon 5 խմբի մենակար Ադամ Լիվայնի փոխարեն ողջունեց սաքսոֆոնահար Մաքսը (Max the Sax), որն իր երաժշտական խմբի հետ (ի դեպ, թմբկահարը լեգենդար Ֆրեդի Մերկուրիին էր հիշեցնում) Բաթումի «Miracle Park»-ում տարածեց իր անմոռանալի ջազային հնչյունները` գրավելով բարկացած երկրպագուների սրտերը։

Սակայն հավաքվածները անհամբերությամբ սպասում էին Maroon 5-ի ելույթին, հատկապես «Sugar», «Animals», «This Love», «Wake up call» հիթերին։

Բայց տղաները հեշտ չէին հանձնվում։ Մաքսի անկրկնելի կատարումները վայելելուց հետո, սպասարկող անձնակազմը մոտ 30 րոպե կրկին որոշեց չափել հանդիսատեսի համբերությունը։ Տեխնիկական բոլոր անհրաժեշտ կարգավորումները տալուց հետո միայն, բեմ բարձրացան Նրանք։

Համերգը սկսվեց «Animals» հիթով։ Ամբողջ ընթացքում երկրպագուները տղաների հետ հավասար երգում էին: Հատկանշական է համերգի ձայնային հնչողությունը, որի շնորհիվ Ադամ Լիվայնի ձայնը լսելի էր նույնիսկ ամենավերջում կանգնած երկրպագուին։

Համերգի խելահեղ հնչյունները ամբողջացնում էր հորդառատ անձրեւը։ Երկինքն իր ուրույն մասնակցությունն էր ցուցաբերում՝ ավելի խենթացնելով տարբեր երկրներից ժամանած երկրպագուներին։ Իսկ լուսային էֆեկտների ազդեցության շնորհիվ տպավորություն էր՝ ինչ-որ մեկը դույլով կարմիր, կապույտ եւ դեղին ներկված ջուր է լցնում վերեւից։

Երկրպագուները լիարժեք վայելեցին համերգը՝ չնայած անձրեւին, որն ասես սրբեց ու տարավ մոտ 3 ժամ կանգնած հանդիսատեսի բարկությունը։

Ի դեպ, համերգից լուսանկարներ եւ կարճ հոլովակներ կարելի է գտնել` որոնելով HiMaroon5 հեշթեգը։

Դիանա Հովհաննիսյան

Լուսանկարներն ու տեսանյութերը` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE