12:08 9 հունիսի, 2016Ամենակերպարային, ամենացանկալի եւ անսահման տաղանդավոր` սրանք միայն ածականների կեսն են, որոնք կարող են բնութագրել հոլիվուդյան սրտակեր, ամերիկացի հայտնի դերասան Ջոնի Դեփին: Կապիտան Ջեք Ճնճղուկի անզուգական դերակատարն ու բոլոր կանանց սիրելին այսօր դառնում է 53 տարեկան:
Դեփի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են` «Մկրատաձեռք Էդվարդը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Մի անգամ Մեքսիկայում», «Կոկաին», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Քնած հովիտը», «Չարլին եւ շոկոլադե գործարանը», «Շոկոլադ», «Մռայլ Ստվերներ», «Ջոն Դիլինջեր», «Հռոմեական օրագիրը»… այս շարքը կարելի է անվերջ շարունակել:
Դեփը Հոլիվուդի ամենակերպարային դերասանն է. մի ֆիլմում նրան տեսնում ենք մաչոյի կերպարում, մյուսում` ֆանտաստիկ հերոսի, մեկ ուրիշում` վամպիրի կամ խելացնոր գլխարկագործի, սակայն փաստը մնում է փաստ` ցանկացած կերպարում Ջոնին հմայիչ է եւ սիրված: Նա կարողանում է իրենով անել իր կերտած բոլոր հերոսներին: Եւ չնայած այս ամենին` Դեփը դեռեւս չի արժանացել բաղձալի «Օսկար» մրցանակին: Փոխարենը նրա մրցանակների թվում են` «Ոսկե Գլոբուսը» եւ Screen Actors Guild Award-ը:

Վերջին շրջանում բուռն քննարկման թեմա է դարձել դերասանի անձնական կյանքը. Բանն այն է, որ Էմբեր Հերդը ոչ միայն ապահարզան է պահանջել դերասանից, այլեւ մամուլում բարձրաձայնել է դրա պատճառները` նշելով, որ ամուսինն իրեն ընտանեկան բռնության է ենթարկել:
Հիշեցնենք, որ նախկինում Դեփն ամուսնացած է եղել դերասանուհի Վանեսա Պարադիի հետ:
Ինչեւէ, ձեր ուշարությանն ենք ներկայացնում սիրված աստղի TOP 5 ամենատպավորիչ կերպարները.
Կապիտան Ջեք Ճնճղուկ-«Կարիբյան ծովի ծովահենները»

Էդվարդ-«Մկրատաձեռք Էդվարդը»

Գլխարկագործ-«Ալիսան հրաշքների աշխարհում»

Ուիլի Վոնկա-«Չարլին եւ շոկոլադե գործարանը»

Բարնաբաս Քոլինս-«Մռայլ Ստվերներ»

Սյունե Առաքելյան